Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փոխնախագահների թեկնածուների առաջին ու վերջին բանավեճը


ԱՄՆ-ի փոխնախագահների թեկնածուների առաջին ու վերջին բանավեճը
please wait

No media source currently available

0:00 0:02:43 0:00

Երեքշաբթի օրն անցկացվեց ԱՄՆ-ի փոխնախագահների թեկնածուների միջեւ միակ բանավեճը։ Դեմոկրատ Թիմ Քեյնը եւ հանրապետական Մայք Փենսը բանավեճի հիմնական մասն օգտագործեցին նախագահի երկու թեկնածուներին դատապարտող ու քննադատող հայտարարություններով հանդես գալու համար։

ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթընի կողմից ընտրված փոխնախագահի թեկնածու, Վիրջինիա նահանգը ներկայացնող սենատոր Թիմ Քեյնը եւ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի կողմից ընտրված փոխանախագահի թեկնածու, Ինդիանայի նահանգապետ Մայք Փենսն իրենց միակ բանավեճը սկսեցին ձեռքսեղմումով։ Սակայն բանավեճը շատ արագ ստացավ Քլինթընին ու Թրամփին մեղադրող հանդիպման։

Թիմ Քեյնը հիշեցրեց մեքսիկացի փախստականներին ՝՝բռնաբարողներ՛՛ ու ՝՝հանցագործներ՛՛ անվանելու Դոնալդ Թրամփի հայտարարությունները։

՝՝Իսկ կանանց նա անվանել է ՝՝թափթփվածներ, խոզեր, շներ ու զզվելիներ՛՛։ Նա նաեւ տարածել է սուտ այն մասին, թե նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ-ի քաղաքացի չէ՛՛։

Քեյնի այս խոսքերին հաջորդեց Մայք Փենսի ուժեր պատասխանը։

՝՝Թրամփի այդ խոսքերը շատ ավելի քիչ վիրավորական են, քան Քլինթընի այն հայտարարությունը, թե մեր աջակիցների կեսն իրենցից աղբաման են ներկայացնում՛՛։

Նա հիշեցրեց Քլինիթընի այն խոսքերը նաեւ, թե Թրամփի աջակիցները ՝՝անհուսալի՛՛ են։

Բանավեճի ընթացքում փոխնախագահի երկու թեկնածուները հաճախակի էին ընդհատում մեկը մյուսին։ Սակայն հիմնականում իրենց ավելի սառն էին պահում, քան Քլինթընն ու Թրամփն իրենց բանավեճի ընթացքում։

Փենսի ու Քեյնի միջեւ այսպես ասած ընդհարում տեղի ունեցավ նաեւ արտաքին քաղաքականության մասին խոսելիս, երբ հանրապետական Փենսը պնդում էր, որ դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի օրոք Ամերիկան թուլացել է։

՝՝ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնում Քլինթընը միլիոնավոր մղոններ է ճամփորդել ու դարձել ճարտարպետն այն արտաքին քաղաքականության, որի արդյունքում է Ամերիկան այսօր դարձել ավելի քիչ ապահով՛՛։

Քեյնն իր հերթին նշանառության տակ առավ Թրամփի արտաքին քաղաքականության որոշ դրույթներ, այդ թվում՝ միջուկային զենքերին վերաբերող հայտարարությունները։

՝՝Դոնալդ Թրամփը հավատացած է, որ աշխարհն ավելի անվտանգ կդառնա, եթե ավելի մեծաթիվ երկրներ ունենան միջուկային զենքեր։ Նա ասել է, թե միջուկային զենք պիտի ունենան Սաուդյան Արաբիան, Ճապոնիան ու Հարավային Կորեան՛՛։

Քեյնը նաեւ անդրադարձավ հարկային իր փաստաթղթերը ներկայացնելու Թրամփի դժկամությանը եւ 199Օ-ականների մասին վերջերս հրապարակված բացահայտումներին։

՝՝Դոնալդ Թրամփը պետք է Ամերիկայի ժողովրդին ներկայացնի հարկային իր փաստաթղթերը՝ ցույց տալու, որ ունի նախագահի որակավորում՛՛։


Փենսը հարկային փաստաթղթերի հետ կապված հարցը փորձեց փակել Թրամփի առավելությունների մասին խոսելու եղանակով։
՝՝Դոնալդ Թրամփը գործարար է, ոչ թե քաղաքական գործիչ։ Նա իրականում մեծ բիզնես է հիմնել։ Եվ հարկերի մասին վերջերս հրապարակված փաստաթղթերն ապացույցն են այն բանի, թե ինչ դժվար ժամանակներ է նա անցկացրել սրանից 2Օ տարի առաջ՛՛։

Փոխնախագահի երկու թեկնածուներն իրենց հակադիր կարծիքները հայտնեցին նաեւ ահաբեկչության, փախստականության, Ռուսաստանի հետ հարաբերությունների ու տնտեսությանը վերաբերող հարցերի շուրջ։

Փորձագետներից շատերն են ասում, որ հանրապետական թեկնածուի պատասխաններն օգնեցին Թրամփին վերագտնել կորսված միավորներից մի քանիսը, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ փոխնախագահների թեկնածուների բանավեճերը միայն չնչին ազդեցություն են գործում նախագահական ընտրությունների արդյունքի վրա։

XS
SM
MD
LG