Մատչելի հղումներ

Ռուսաստանն ու Ասադը ընտրել են պատերազմի ուղին


Միացյալ Նահանգները պաշտոնապես դուրս է եկել Սիրիայի շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններից, քանի որ ամիսներ շարունակվող բանակցություններից հետո Ռուսաստանը Սիրիայում խաղաղության հասնելու որեւէ հետաքրքրություն չի ցուցաբերում: Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության Մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Էլիզաբեթ Թրուդոն.

«Միացյալ Նահանգները ջանք չի խնայել, փորձելով բանակցային ճանապարհով Ռուսաստանի հետ համաձայնության հասնել, որը կնվազեցներ բռնության աստիճանը եւ հնարավորություն կտար ահաբեկիչներից տառապող բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնել»:

Ռուսաստանը սակայն չի կատարել իր իսկ կողմից ստանձնած պարտականությունները ինչպես նաեւ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջները:

«Փոխարենը Ռուսաստանն ու Սիրիայի վարչակարգը նախընտրել են պատերազմի ուղին, չպահպանելով հրադադարը եւ փոխարենը հարվածներ հասցնելով խաղաղ բնակիչներին», - նշել է Թրուդոն:

Վերջին օրերին համաշխարհային հանրության զայրույթի ալիք է բարձրացել հրապարակված տեսագրություններից հետո, որոնց վրա պատկերված են ռմբակոծումների հետեւանքով փլատակների տակ վնասվածքներ ստացած երեխաներ, ինչպես նաեւ Հալեպի եւ Իդլիբի ռմբակոծումներից կիսաքանդ փողոցներում զբոսնող երեխաներ: Բողոքներն ուղղված են ոչ միայն ռմբակոծումներն իրականացնող սիրիական վարչակարգի եւ դրա աջակիցների այլեւ՝ աշխարհի առաջատար երկրների առաջնորդների դեմ, ովքեր ի զորու չեն կանգնեցնել ռմբակոծումները:

«Ուղղակի զզվանք է առաջացնում, երբ մարդիկ, անմեղ մարդիկ, խաղաղ բնակիչներ, պատերազմի զուգահեռ վնաս են դիտարկվում», - ասում է Լոնդոնում բողոքի ցույցի մասնակից Փոլ Հարիսոնը:

Մարդասիրական մի շարք կազմակերպությունների եւ Սիրիայի ընդդիմության հաղորդմամբ, ռուսական ինքնաթիռների կողմից կիրակի օրը ոչնչացվել է Սիրիայում ամենապաշտպանվածը համարվող «Քարանձավի հիվանդանոցը», որն այդ անունը ստացել էր սարի ներսում տեղակայվելու համար: Զոհերի քանակը դեռ ճշտվում է, սակայն, տեսագրությունները վկայում են, որ հիվանդանոցի մի մասն ընդհանրապես ոչնչացվել է: Այդ հիվանդանոցի ռմբակոծումը նոր բողոքների ալիք է առաջացրել աշխարհով մեկ:

«ՄԱԿ-ն անօգուտ է: Նրանք մարդասպաններ, դահիճներ ու ստախոսներ են: Ամբողջ աշխարհը ստախոս է: Նրանք ընդհանրապես ոչինչ չեն անում», - ասում է Լոնդոնում բնակվող սիրիացի գործիչ Էսա Համը:

Մասնագետների խոսքով, սիրիական եւ ռուսական օդուժի կողմից Սիրիայի հիվանդանոցների ռմբակոծման հետեւանքները կրկնակի սարսափելի են, քանի որ զոհվում են ոչ միայն հիվանդանքցում գտնվող բժիշկներն ու հիվանդները, այլեւ բժշկական օգնությունից զրկվում են հարյուրավոր այլ մարդիկ, ովքեր ի վիճակի չեն այլ հիվանդանոցներ այցելել:

«ԱՄՆ-ում, Արգենտինայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ այստեղ, Թուրքիայում, մենք, Սիրիայի քաղաքացիները եւ մեր բարեկամները, զայրույթն ենք հայտնում Ռուսաստանի ագրեսիայի կապակցությամբ, որի արդյունքում զոհվել է 400 բնակիչ եւ շուրջ 100 երեխա», - ասում է Ստամբուլում բնակվող սիրիացի գործիչ Յասին այ Հաջ Սալեհը:

Հիվանդանոցների ռմբակոծումն անթույլատրելի է, հիշեցրել են Ռուսաստանի եւ Սիրիայի իշխանություններին բժիշկները: Նրանց խոսքով, ռմբակոծումների հետեւանքով բժիշկները զոհվում, կամ անգործության են մատնվում եւ չեն կարողանում այլեւս կյանքեր փրկել:

«Հալեպ քաղաքում այժմ աշխատում է 30-ից քիչ բժիշկ: Մի քանի օր առաջ դրանց թիվը 35-էր: Հավատացեք, եղած բժիշկներն էլ ուժասպառ են, սակայն նրանք հերոսաբար շարունակում են աշխատել», - ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ բժիշկ Ռիք Բրենանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդում է, որ վերջին օրերին Հալեպում ռմբակոծվել են երկու հիմնական հիվանդանոցներն ու ջրամբարները: Միացյալ Նահանգները մեղադրել է Ռուսաստանին բռնություններ կատարելու մեջ՝ Ասադի վարչակարգի ամրապնդման նպատակով, սակայն Մոսկվան չի պատրաստվում նվազեցնել ռազմական գործողությունների աստիճանը: Ռուսաստանի ռմբակոծումներից միայն Սիրիայի տարածքում 2016 թվականին զոհվել է ավելի քան 9000 մարդ:

XS
SM
MD
LG