ԱՄՆ-ի կոնգրեսական Չարլի Դենթի խոսքերով, ՝՝Ռուսական զենքով ռուս անջատողական ուժերի կողմից Մալազիական ավիաուղիներին պատկանող MH17 չվերթի օդանավի կործանումը սարսափելի ողբերգություն է՛՛։
Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի անդամ, Հանրապետական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսականը, պատասխանելով ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի ռուսական ծառայության հարցերին, ասել է, թե Համատեղ հետաքննիչ խմբի կողմից հրապարակված զեկույցը, ըստ որի մարդատար օդանավը կործանվել է ռուսամետ անջատողականների վերահսկողության տակ գտնվող տարածքից արձակված հրթիռի հարվածից, ընդգծում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների անհրաժեշտությունը։ Նրա խոսքերով, պատժամիջոցներ է հարկավոր կիրառել ընդդեմ Ռուսաստանի, քանի դեռ Մոսկվան չի հրաժարվել Դոնբասն ապակայունացնելու իր քաղաքականությունից ու չի հեռացել Ղրիմից եւ վրացական տարածքներից։
Հարցին, թե ո՞րն է Արեւմուտքի նկատմամբ ռուս հասարակության շրջանում Մոսկվայի կողմից ապատեղեկատվության տարածման նպատակը, ամերիկացի կոնգրեսականը պատասխանում է, թե իր կարծիքով, Ռուսաստանի կառավարությունն ուզում է տեսնել ՆԱՏՕ-ի ազդեցության ու ներուժի նվազում։
՝՝Վլադիմիր Պուտինի քաղաքականության նպատակն ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի ազդեցությունը վերացնելն է։ Ռուսաստանն ամենայն հավանականությամբ ինչ որ վտանգ է զգում իր նկատմամբ, երբ իր հարեւանությամբ տեսնում է տնտեսապես ուժեղ եւ հաջողակ Եվրոպա։ Սակայն դա սխալ մոտեցում է։ Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Եվրոպան վտանգ չեն ներկայացնում Ռուսաստանին։ Մենք ուզում ենք Ռուսաստանի հետ աշխատել որպես գործընկերներ՛՛։
Նրա խոսքերով, Ամերիկայի կողմից սառը պատերազմ վերսկսելու որեւէ նպատակ չկա։
Խոսելով այն հաղորդագրությունների մասին, ըստ որոնց ռուս հաքերները, ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից փաստաթղթեր հափշտակելուց հետո, լուրջ քայլեր են ձեռնարկում ԱՄՆ-ի ընտրությունների վրա ազդեցություն գործելու նպատակով, կոնգրեսական Չարլի Դենթն ասում է, թե անկախ նրանից, հաքերային գործողություններ են իրականացվում Չինաստանից, Իրանից, թե Ռուսաստանից, ընտրություններին միջամտելու ամեն մի փորձ ԱՄՆ-ին շատ է մտահոգում։
՝՝Կարծում եմ, որ այն կարող է տհաճության պատճառ դառնալ նաեւ ռուսների համար։ Մենք ուժեղ եւ առողջ ժողովրդավարական պետություն ենք, եւ նման փաստերին շատ լրջորեն ենք վերաբերվում՛՛։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նկատմամբ ռուսների կողմից կիբեր հարձակում իրականացնելու մասին տեղեկությունները զայրույթի մեծ ալիք էին բարձրացրել ոչ միայն դեմոկրատական կուսակցության, այլ նաեւ հանրապետականների շարքերում։
՝՝Մենք՝ ամերիկացիներս, ե՛ւ դեմոկրատները ե՛ւ հանրապետականները, մեր ընտրական համակարգի միասնականությունը չափազանց կարեւոր ենք համարում։ Եվ մենք հաստատակամորեն կդիմադրենք օտար որեւէ երկրից ազդեցություն գործելու յուրաքանչյուր փորձ՛՛, ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական Չարլի Դենթն ու ավելացրել, որ Ռուսաստանի կողմից նման վարքագիծն ընդգծում է պատժամիջոցների անհրաժեշտությունը։