Կոմունիստական այս պետության հեռուստակայանը հայտարարել է, թե ՝՝այս փորձարկումը գնահատում է պայթյունի այն հզորությունը, որը կարող է առաջ գալ հրթիռի վրա տեղադրված միջուկային մարտագլխիկների պայթյունի արդյունքում՛՛։
Փհենյանը միջուկային փորձարկումն իրականացրել է, առանց միջազգային համայնքին այդ մասին նախապես տեղեկացնելու։
Հյուսիսի միջուկային գործունեությունը, եւ հատկապես վերջին այս փորձարկումը, որն ամենահզորն էր Հյուսիսում իրականացված նախկին բոլոր փորձարկումներից, մտահոգության մեծ պատճառ է Հարավային Կորեայի համար։ Ինչպես այս երկրի վարչապետ Հիուանգ Կիոանն է ասում, Հյուսիսային Կորեան այս քայլով մեկ անգամ եւս ոտնահարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները, եւ բացահայտ կերպով անտեսում միջազգային համայքնին։
Սիրիայի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով Ժնեւ ժամանած ԱՄՆ-ի ու Ռուսաստանի արտգործնախարարներ Ջոն Քերրին ու Սերգեյ Լավրովը նույնպես արտահայտել են խորը մտահոգություն։
Ջոն Քերրին ասել է, ՝՝Ճապոնիան ու Հարավային Կորեան ակնհայտորեն անհանգստացած են հարեւանի պատճառով, սակայն պակաս մտահոգված չեն նաեւ Չինաստանը, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները։ Մենք դեռեւս շարունակում ենք ուշադրությամբ զննել տեղի ունեցածը, եւ հուսով եմ, որ նախագահ Օբամայի հայտարարությունից հետո, հարցը կքննենք ՄԱԿ-ի շրջանակներում՛՛։
Սերգեյ Լավրովն ավելացրել է, որ Ռուսաստանը նույնպես մեծապես անհանգստացած է։ ՝՝Անվտանգության խորհրդի բանաձեւերը պետք է ուժի մեջ մտնեն, եւ մենք այս ուղերձը շատ հաստատակամորեն ենք հղելու՛՛։
Ի դեպ, Հյուսիսային Կորեան միջուկային փորձարկումն իրականացրեց իր հիմնադրման 68-րդ տարեդարձի ճիշտ նույն օրը։ Նախկինում եւս՝ 2ՕՕ6, 2ՕՕ9 եւ 2Օ13 թվականներին բոլոր փորձարկումներն այստեղ իրականացվել են այս երկրի տոնական օրերին։
Հարավային Կորեայի փորձագետներն ասում են, թե փորձարկումն ունեցել է 12 կիլոտոն ուժգնություն, ինչը երկու անգամ գերազանցում է Հյուսիսային Կորեայում հունվար ամսին իրականացված պայթյունի ուժգնությանը եւ իր հզորությամբ միայն 2Օ տոկոսով զիջում Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբին։
Հարավային Կորեայի հետախուզական գործակալության տվյալներով, Հյուսիսն այժմ չունի միջուկային այնպիսի փոքր մարտագլխիկ արտադրելու ունակություն, որը հնարավոր լիներ տեղադրել բալիստիկ հրթիռների վրա։ Սակայն ամենամտահոգիչն այն է, որ այս ուղղությամբ Հյուսիսն առաջ է ընթանում շատ ավելի արագ, քան նախկինում սպասվում էր։
Եթե 1994-ից մինչեւ 2Օ11 թվականը Կիմ Ջոնգ Իլի կառավարման 17 տարիներին արձակվել էր բալիստիկ միայն 16 հրթիռ, ապա նրա որդու՝ Կիմ Ջոնգ Ունի կառավարման անցած 5 տարիներին Հյուսիսային Կորեան արձակել է նման արդեն 33 հրթիռ։ Հյուսիսի խնդիրն այժմ միջուկային զենքի չափսերը փոքրացնելն է, միջազգային համայնքինը՝ դա թույլ չտալը։