Մատչելի հղումներ

Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին ինքնավարություն է անհրաժեշտ՝ համաժողով Վաշինգտոնում


Christian refugees in Syria

Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին անհրաժեշտ է աջակցել սեփական ինքնավար շրջանների ստեղծման գործում, նշել են Վաշինգտոնում անցնող՝ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների պաշտպանությանն ու ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված համաժողովի մասնակիցները: Կոնգրեսական Ջեֆ Ֆորթենբերիի խոսքով, ստեղծված իրավիճակում դա տարածաշրջանում քրիստոնյա համայնքների գոյատեւման միակ հնարավորությունն է.

«Առաջին հերթին խոսքը գնում է Իրաքում նոր շրջանի ստեղծմանը, որի հետ համաձայն են նաեւ Իրաքի իշխանությունները: Այդ շրջանում քրիստոնյաներն ու եզդիները բարգավաճելու հնարավորություն կունենան»:

Ֆորթենբերիի խոսքով, դա թույլ կտա նաեւ քրիստոնյա համայնքներին հասցեագրված օգնություն հատկացնել միջազգային կառույցների եւ պետությունների կողմից: Կոնգրեսականի խոսքով, Դաեշի կողմից ցեղասպանության ենթարկված քրիստոնյաները պետք է օգնություն ստանալու առաջնահերթություն ունենան: Կոնգրեսական Աննա Էշուն խոսելով Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքների մասին ընդգծել է, որ իր համար դա նաեւ կարեւոր անձնական հարց է.

«Իմ ընտանիքի անդամները փախչել էին, քանի որ նրանց կյանքին վտանգ էր սպառնում հենց քրիստոնյա լինելու համար»:

Անդրադառնալով ցեղասպանությունների կանխարգելման կարեւորությանը, Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Աիդա Դեմեյանն ընդգծել է, որ 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում դրան հաջորդած ցեղասպանություններից մի գուցե հնարավոր լիներ խուսափել: Դեմեյանի խոսքով, Միացյալ Նահանգներն այս հարցում դեր ունի.

«Միացյալ Նահանգների շահերից է բխում, որպեսզի ամերիկյան դիվանագետները համոզեն Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը թույլ կտա բարելավել հայ-թուրքական հարաբերությունները»:

Հայոց ցեղասպանության մասին իր ելույթում հիշատակել էր նաեւ Կոնգրեսի հայ-ամերիկայն բարեկամության խմբի անդամ կոնգրեսական Դեյվ Թրոթը: Նրա խոսքով, որպես Կոնգրեսի անդամ առաջին այցը նա որոշել էր Հայաստան կատարել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ծիծեռնակաբերդում ամերիկյան պատվիրակության առջեւ նստած էր ռուսական պատվիրակությունը եւ շատ ցուրտ ու անձրեւոտ էր, պատմում էր Թրոթը.

«Ռուսները, Պուտինը հենց մեր առջեւ էին նստած, եւ ռուսներին ծածկոցներ բերեցին, իսկ ամերիկացիներին ծածկոցներ չբերեցին: Գիտե՞ք ինչու, որովհետեւ սենատոր եղած ժամանակ Օբաման ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, իսկ նախագահի պաշտոնին նա որոշեց չօգտագործել այդ բառը՝ Թուրքիային չնյարդայնացնելու համար»:

Կոնգրեսականի կարծիքով, Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է ճանաչել տեղի ունեցածը, քանի որ ցեղասպանությունն անհրաժեշտ է ցեղասպանություն անվանել:

XS
SM
MD
LG