Մատչելի հղումներ

Վաշինգտոնում սկսվում է ի պաշտպանություն քրիստոնյաների համաժողովը


Միացյալ Նահանգներում իր աշխատանքն է սկսում Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների պաշտպանությանն ու ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված համաժողովը, որի կազմակերպիչների թվում են Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ «Ի պաշտպանություն քրիստոնյաների» վաշինգտոնյան կազմակերպությունը: Համաժողովն իր աշխատանքները սկսեց միասնության աղոթքով, որում մասնակցում էին Հայ առաքելական, Կաթողիկե, Արեւելյան, Ավետարանական եւ Բողոքական եկեղեցիների ներկայացուցիչները:

Եռօրյա համաժողովն անցնելու է Կապիտոլիումում եւ դրա աշխատանքներում գիտնականներից եւ համայնքային առաջնորդներից բացի մասնակցելու են նաեւ ԱՄՆ-ի մի շարք սենատորներ եւ կոնգրեսականներ, այդ թվում եւ հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշուն: Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել Մերձավոր Արեւելքում քրիստոնյա համայնքների պաշտպանության եւ պահպանության հեռանկարները: Միջազգային կրոնական ազատության ԱՄՆ-ի հանձնաժողովի ղեկավար Կատրինա Լանտոս Սվիթի խոսքով, այժմ վտանգված է Իրաքի եւ Սիրիայի քրիստոնյա համայնքների բուն գոյությունը:

«Հավատացած եմ, որ այդ հնագույն, ազնվական քրիստոնյա համայնքների պահպանությունը մեր առջեւ երբեւէ ծառացած կարեւորագույն մարտահրավերն է, սակայն, մինչ այժմ մենք այն չենք հաղթահարել», - նշում է Սվիթը:

Որպես քրիստոնյա համայնքների պահպանման տարբերակ համաժողովի մասնակիցներն առաջարկում են Իրաքի տարածքում քրիստոնյա համայնքներին ինքնավարություն շնորհել, որի կազմում նրանք հնարավորություն կունենան պաշտպանվելու եւ որտեղ հնարավոր կլինի ուղղել տարածաշրջանի քրիստոնյաներին հատկացվող միջազգային օգնությունը: Համաժողովի կազմակերպիչներից մեկի, Ֆիլոս նախագծի տնօրեն Ռոբերթ Նիքլսոնի կարծիքով, որպես Դաեշի ահաբեկիչների կողմից ցեղասպանության ենթարկված մարդիկ, Իրաքի քրիստոնյաներն ունեն ինքնավարություն ստանալու առաջնահերթ իրավունք:

Մեկ այլ, Հայոց ցեղասպանության մասին հիշատակեց իր ելույթում «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության համահիմնադիր Էնդրյու Դորանը.

«Եթե այդ ցեղասպանությունը ճանաչեին, հետագա ցեղասպանություններից գուցե խուսափեինք: Մենք պետք է հիշենք հայերին ոչ միայն այն բանի համար, որ նրանք տարածաշրջանի համայնքի մասն են, այլ որովհետեւ նրանք օրինակ են ծառայում որպես մի ժողովուրդ, որը վերապրեց ցեղասպանությունը, սակայն նաեւ մի ժողովուրդ, որը կարողացավ պահպանվել»:

Համաժողովի կազմակերպիչներից մեկի՝ Վաշինգտոնի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կարծիքով, Հայոց ցեղասպանության ճանաչումը պետության պարտքն է.

«Ամերիկայի հայ դատի հանձնախումբն ու «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունը Ամերիկային ճիշտ ուղղությամբ են տանում, առաջարկելով չփորձել թյուր ընտրություն կատարել արժեքների եւ շահերի միջեւ այլ առաջնորդվել ժողովրդավարության արժեքներով, դրանով իսկ ծառայելով երկրի բարձրագույն շահերին»:

XS
SM
MD
LG