Այդ տարիներին Լաոսի վրա է նետվել 26Օ միլիոն ռումբ, որոնք միասին կազմում են 2 միլիոն տոննա։ Դրանց 3Օ տոկոսը՝ մոտ 8Օ միլիոնը չեն պայթել ու ներկայումս էլ մնում են թաքնված՝ հողի տակ։ Անցած տարիներին այս ռումբերի պայթյուններին զոհ է գնացել կամ վիրավորվել ավելի քան 2Օ հազար մարդ։ Օբաման խոստանում է եկող 3 տարիների ընթացքում ականազերծման համար հատկացնել 9Օ միլիոն դոլար։
՝՝Մենք հույս ունենք, որ այս ֆինանսավորումը կարող է դառնալ կարեւոր քայլ՝ չպայթած ռումբերից տարածքները մաքրելու, վերապրածներին օգնելու եւ Լաոսի համար ավելի լավ ապագա կառուցելու գործում՛՛, հայտարարել է Օբաման մասնագիտացված կլինիկաներից մեկում արտասանած իր ելույթում։
Ավելի ուշ, քաղաքապետարանի սրահում երիտասարդների հետ անցկացրած հանդիպման ժամանակ ասել է, թե պատմականորեն երիտասարդներն են դառնում առաջընթացի ու զարգացման բանալին։
Օբամայի խոսքերով, ՝՝Աշխարհը երբեք չի եղել այնքան առողջ, հարուստ, ու կրթված որքան այսօր է։ Այն երբեք այնքան հանդուրժողական ու բռնություններից զերծ չի եղել, քան այսօր։ Այժմ մենք դա չենք նկատում, աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների պատճառով։ Իսկ այդ ամենը կարգավորելու համար գալիս է ձեր հերթը՛՛։
Օբաման ասել է, թե երիտասարդներն այսօր ունեն աշխարհում դրական փոփոխություններ իրականացնելու ավելի մեծ հնարավորություններ, քան ուներ նախորդ սերունդը։
՝՝Ես ունեմ մեծ հույսեր, որ դուք կկառչեք այդ հնարավորություններից՝ իմանալով, որ ԱՄՆ-ում ունեք հզոր բարեկամ ու գործընկեր՛՛, ասել է նա։
Պատասխանելով ներկաների հարցերին՝ Օբաման հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի հաջորդ ղեկավարը կշարունակի ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր կողմից սկսված տնտեսական կապերը, եւ որ ԱՄՆ-ի Կոնգրեսը կվավերացնի Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության առեւտրային պայմանագիրը։
Օբաման ցավ է արտահայտել Վիետնամի պատերազմի տարիներին Լաոսի կրած տառապանքների համար, սակայն այս երկիրը ռմբակոծությունների դիմելու համար նա հանդես չի եկել ներողություն խնդրելու հայտարարությամբ։
Օբաման, դարձավ Լաոս այց կատարած ԱՄՆ-ի գործող առաջին նախագահը։ Նախագահի պաշտոնում սա նրա 11-րդ ու վերջին ճամբորդությունն էր ասիական երկրներում։