Մատչելի հղումներ

Ֆիլիպինների նախագահը ներողություն է խնդրում Օբամայից


Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դյութերթն ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հասցեին գռեհիկ արտահայտությամբ հանդես գալու փաստի առիթով։

Դյութերթն Օբամային ՝՝անառակի զավակ՛՛ էր անվանել այն բանից հետո, երբ Օբաման հայտարարել էր, թե նրա հետ հանդիպման ժամանակ վեր էր հանելու թմրամիջոցների առեւտրի հետ կապված սպանությունների հարցը։

Օբաման նախապես անտեսել էր Դյութարթի խոսքերը՝ նրան անվանելով ՛՛խայտաբղետ տղա՛՛, սակայն Սպիտակ տունն ավելի ուշ տեղեկացրել է, որ չեղյալ է հայտարարվում երկու նախագահների միջեւ ASEAN-ի (Հարավարեւելյան ասիական երկրների ընկերակցության) գագաթաժողովի շրջանակներում նախատեսված հանդիպումը։

Ֆիլիպինների նախագահի մամլո ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է, թե նախագահը խորապես ցավում է անզգույշ խոսքի համար, եւ ներողություն է հայտնում նախագահ Օբամային եւ հարգանքի խոսքեր փոխանցում նրան։

Մինչեւ Լաոս մեկնելը, Դյութերթն ասել էր, թե Օբաման չի կարող ՝՝կարդալ դասախոսություն՛՛ այն բանի համար, որ թմրանյութերի անօրինական առեւտրի դեմ պայքարում հունիս ամսին նախագահի պարտականությունները ստանձնելուց ի վեր այս երկրում 2ՕՕՕ մարդ է սպանվել։

Դյութերթը, որն իշխանության է եկել թմրանյութերի անօրինական առեւտուրն իր երկրում արմատախիլ անելու խոստումներով, հայտնվել է մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների սուր քննադատությունների ներքո։ Նա պաշտպանում է առանց դատական որոշման սպանությունների քաղաքականությունը՝ հայտարարելով, թե ինքը կատարում է իրեն ընտրած ժողովրդի կամքը։

Լրատվական գործակալությունները հիշեցնում են, որ Ֆիլիպինների նախագահը հայտնի է պոպուլիստական հայտարարություններով ու արտահայտություններով, եւ որ Օբաման միակը չէ, որի հասցեին նա հնչեցրել է վիրավորական խոսքեր։ Նույն արտահայտությունն է Դյութերթն արել նաեւ Հռոմի Պապի հասցեին։

Երկու նախագահներն արդեն Լաոսում են եւ հանդես են եկել ելույթներով։ Դյութերթն ավելի ուշ ասել է, թե ձեռք է բերվել Օբամայի հետ մեկ այլ օր հանդիպելու շուրջ համաձայնություն։

XS
SM
MD
LG