Մատչելի հղումներ

Տեղական ընտրություններում Մերքելը պարտվեց փախստականների ընդունման ընդդիմադիրներին


Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, երկրի կանցլեր Անգելա Մերկելը պարտություն է կրել իր հայրենի Մեքլենբուրգ – Արեւմտյան Փոմերանիայի երկրամասում անցած տեղական կառավարման ընտրություններում:

Առաջին տեղն ընտրություններում գրավել է երեք տարի առաջ հիմնադրված ազգայնական Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը, որը կտրուկ դեմ է արտահայտվում երկրում փախստականների ընդունմանը: Երիտասարդ կուսակցության առաջնորդների խոսքով, իրենց առաջիկա նպատակն է մեծամասնություն հավաքել եւ կառավարություն ձեւավորել.

«Սա միանշանակ ազդակ է Բեռլինի համար, առաջին հերթին առաջիկայում կայանալիք ընտրությունների նախաշեմին, երբ մենք մուտք կգործենք դաշնային խորհրդարան», - ասում է Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցության համանախագահ Յորգ Մյութենը:

Քրիստոնեա-դեմոկրատներն իրենց կողմից նշում են, որ ընտրությունների արդյունքները մարտահրավեր են բոլոր ավանդական կուսակցությունների համար: Կուսակցության գլխավոր քարտուղար Փիթեր Թոբերն իր ելույթում ընդունել է գործած սխալները եւ խոստացել ուղղել դրանք.

«Մենք արդեն իսկ առաջընթաց ենք գրանցել, զգալիորեն կրճատել ենք այստեղ ժամանող փախստականների թիվը, փոխել ապաստարան ստանալու կարգը: Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի այդ միջոցներն աշխատեն եւ մենք վերադարձնենք վստահությունը»:

Ինքը՝ Մերկքելը, ում կուսակցությունը 19 տոկոսով երրորդ տեղն է գրավել նրա հայրենի երկրամասում, խոստացել է ամեն ինչ անել հանրության վստահությունը վերադարձնելու համար.

«Այս պահին մենք պետք է խոստովանենք, որ շատերը չեն վստահում խնդիրները լուծելու մեր կարողությանը, չնայած որ մեր գործարքի շնորհիվ հնարավոր է դարձել զգալիորեն կրճատել փախստականների հոսքը, իսկ եղածներին՝ փորձել ինտեգրել հասարակության մեջ»:

Մերքելի խոսքով, կուսակցության վարկանիշի իջեցման պատճառը ոչ միայն 2015-ին Գերմանիա ժամանած ավելի քան 1 միլիոն փախստականների խնդիրն է, այլեւ՝ երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը:

XS
SM
MD
LG