Մատչելի հղումներ

Մեծ քսանյակի գագաթաժողովից հետո


Չինաստանի Հանգժու գեղատեսիլ քաղաքում ավարտվեց Մեծ քսանյակի թվով 11-րդ գագաթաժողովը, որի ընթացքում 2Օ երկրների առաջնորդները համաշխարհային տնտեսական աճն ապահովելու մասին մի շարք համաձայնություններ կայացրին։ Երկրների ղեկավարներն այս առիթն օգտագործեցին նաեւ միմյանց միջեւ հանդիպումներ անցկացնելու համար եւ քննարկեցին երկրագնդի կլիմայական փոփոխություններին, Մերձավոր Արեւելքում անհանգիստ իրավիճակին, մասնավորապես Սիրիայի պատերազմին առնչվող խնդիրներ։

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ անցկացված, իրենց իսկ խոսքերով՝ «անկեղծ ու բաց» հանդիպումը, սակայն, չկարողացավ հանգեցնել մի այնպիսի գործարքի, որը կդադարեցներ արյունահեղությունը Սիրիայում։ Սիրիայի չափավոր ընդդիմադիր ուժերին աջակցող ԱՄՆ-ի ու Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությանն աջակցող Ռուսաստանի ղեկավարների միջեւ 9Օ րոպե տեւած առանձնազրույցից հետո հայտարարվեց, որ նրանց միջեւ տեսակետների տարբերությունը մեծ է։

Այն պահին, երբ Սիրիայի կառավարական ուժերը վերսկսեցին Հալեպ քաղաքի պաշարման գործողությունները, անարդյունք ավարտվեց նաեւ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջեւ հանդիպումը։ Ջոն Քերրին ու Սերգեյ Լավրովը մեկ ժամ տեւած բանակցություններից հետո սենյակից դուրս են եկել առանց համաձայնության։ Մինչեւ հանդիպումը մեծ հույսեր փայփայած Քերրին ու Լավրովն արդեն ծրագրել էին մամլո ասուլիս, սակայն անպտուղ հանդիպումը ստիպեց չեղյալ հայտարարել այն։ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն, ձախողման պատճառը որոշ հարցերի շուրջ նախկինում արդեն իսկ ձեռքբերված համաձայնությունները Ռուսաստանի կողմից անտեսվելու փաստն է եղել։

Օբաման ու Պուտինը անհաջող բանակցություններից հետո հանձնարարել են իրենց օգնականներին՝ կազմակերպել մի նոր հանդիպում մոտ ապագայում։

Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակներում Օբաման հանդիպում է ունեցել նաեւ Թուրքիայի իր պաշտոնակցի հետ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նա նորից վստահեցրել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Թուրքիային, արդարադատության առջեւ կանգնեցնելու համար հուլիսի հեղաշրջման փորձի կազմակերպիչներին։ Էրդողանը, փորձագետների համոզմամբ, Օբամայից պիտի անձնապես պահանջեր, որ ԱՄՆ-ը Թուրքիային հանձնի Ֆեթուլլահ Գյուլենին։ Հիշեցնենք, որ Էրդողանի նախկին ջերմ աջակից, այժմ նրա ամենասուր քննադատ Գյուլենին վերցնելու համար Էրդողանը համարում է ամենահարմար պահը։ Էրդողանը հայտարարել է, թե նոր փաստաթղթեր է տրամադրելու ԱՄՆ-ին եւ Վաշինգտոն է ուղարկելու իր երկրի արդարադատության ու ներքին գործերի նախարարներին։

Ինչ վերաբերում է Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին, Անկարան հայտարարում է, որ գրավել է իր սահմանի երկայնքով «Դաեշ»-ի վերջին դիրքերը։ Հիշեցնենք, որ «Դաեշ»-ի դեմ այս տարածքներում պայքարող գլխավոր ուժը մինչ այժմ եղել են ԱՄՆ-ի աջակցությունը վայելով քրդական խմբերը, մասանավորապես Ժողովրդի պաշտպանության միավորումները, որին Անկարան, սակայն, համարում է ահաբեկչական կազմակերպություն։ Այս հարցը եւս պիտի դառնար Օբամայի ու Էրդողանի քննարկման առարկա։ Ի դեպ, Վաշինգտոնն իր ավագ դեսպանորդին գործուղել է Սիրիա՝ հանդիպումներ ունենալու համար քրդական ուժերի հետ։

Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահը հանդիպում է ունեցել նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ՝ քննարկելու Եվրոպական Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացում նոր ղեկավարի ծրագրերն ու մարտավարությունը։

Իսկ մինչ Մեծ քսանյակը եզրափակում էր գագաթաժողովը, Հյուսիսային Կորեան երկինք էր արձակում բալիստիկ երեք հրթիռ՝ փորձելու համար ակնարկել աշխարհի գերհզորներին իր գոյության մասին։ Միջին հեռահարության հրթիռները, 1ՕՕՕ կմ թռչելուց հետո, ընկել են Ճապոնիայի օդային պաշտպանության տակ գտնվող գոտի, ինչը մեծ մտահոգություն է ոչ միայն Ճապոնիայի, Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի համար, այլ նաեւ վիրավորանք՝ Հյուսիսային Կորեային շատ դեպքերում աջակից Չինաստանին, որը որպես Մեծ քսանյակի հյուրընկալող պետություն, չէր ցանկանա ավելորդ լարվածություն գագաթաժողովի օրերին։

XS
SM
MD
LG