Մատչելի հղումներ

Պենտագոնը կոչ է անում Թուրքիային դադարեցնել գործողություններն ընդդեմ քրդական միավորումների


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթըն Քարթերը կոչ է արել Թուրքիային «կենտրոնանալ Դաեշ»-ի դեմ պայքարի վրա, այլ ոչ թե զբաղվել ահաբակչական այդ խմբավորման դեմ պայքարող, ԱՄՆ-ի դաշնակից քրդական ուժերի նկատմամբ իրականացվող գործողություններով։

Թուրքական ուժերը, Սիրիայում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական խմբավորումների դեմ իրականացրած ռազմական գործողություններից հետո, շարունակում են առաջ շարժվել։

Ինչպես ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթըն Քարթերն է ասել. «Միացյալ Նահանգներն աջակցում էր եւ ներկայումս էլ աջակցում է Թուրքիայի կողմից «Դաեշ»-ի դեմ իրականացվող գործողությունները եւ այն ամենը, որ նրանք արել են սահմանի ու Ջարաբլուսի միջեւ, այնուհետեւ՝ դեպի արեւմուտք ընկած տարածքների անվտանգությունն ապահովելու համար։ Սակայն չենք աջակցում Ջարաբլուսից հարավ իրականացվող Թուրքիայի գործողությունները»։


Հիշեցնենք, որ Ժողովրդական պաշտպանության քրդական միավորումներն էին, որ ազատագրեցին Ջարաբլուսից հարավ ընկած Մանբիջ քաղաքը։ Սակայն Թուրքիան այժմ ուզում է, որ քրդերն այդտեղից հեռանան դեպի Եփրատի ափերը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը վստահեցնում է թուրքերին, որ դա իրենց ծրագիրն է, եւ որ այդ ծրագրի համաձայն, Մանբիջը պիտի մաքրվի «Դաեշ»-ի զինյալներից։


«Քրդերի Ժողովրդական պաշտպանության միավորումները Մանբիջի գործողությունից հետո հետ կքաշվեն դեպի Եփրատի ափերը», հայտարարել է Քարթերը։
ԱՄՆ-ի երկու դաշնակիցների միջեւ բախումները Վաշինգտոնին դրել են անհարմար մի իրավիճակի մեջ, որը չի ուզում քայլեր կատարել նրանցից որեւէ մեկի դեմ, այլ փորձում է երկուսին էլ համոզել իրենց պայքարն ուղղել ընդդեմ «Դաեշ»-ի։

Բրուքինգզի անվան հաստատության վերլուծաբան Մայքըլ Օ’Հենլոնի խոսքերով. «Այժմ, երբ մենք նկատելի հաջողություններ ենք գրանցել ընդդեմ Դաեշի եւ երբ գնում ենք դեպի հաղթանակ, երկու դաշնակիցների միջեւ պայքարը չափազանց մեծ սխալ է»։

ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող դաշինքն այժմ ծրագրում է գործողություններ իրականացնել Իրաքում «Դաեշ»-ի ամենամեծ ամրոց Մոսուլը եւ Սիրիայում ամենամեծ ամրոց համարվող Ռաքքան առնելու համար։

XS
SM
MD
LG