Մատչելի հղումներ

Օբամայի նախագահության վերջին G20 գագաթաժողովը


Շաբաթվա վերջում Չինաստանում բացվող աշխարհի 20 առաջատար երկրների գագաթաժողովը լինելու է ԱՄՆ-ի առաջնորդ Բարաք Օբամայի նախագահության օրոք կայանալիք վերջին նմանօրինակ գագաթաժողովը, նշում են Սպիտակ տանը: Նախագահ Օբամայի Ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Վալլի Ադեյեմոյի խոսքով, գագաթաժողովի ընթացքում ուշադրության կենտրոնում են լինելու շրջակա միջավայրի պահպանության եւ գլոբալ տնտեսության խնդիրները.

«Հիմնականում քննարկվում էր, թե արդյոք անհրաժեշտ է խնայել միջոցները, թե, ինչպես պնդում էր նախագահը, ընդհակառակը, ներդրումներ կատարել՝ տնտեսական աճ արձանագրելու համար»:

Ադեյեմոն նշել է, որ թվերն ու վիճակագրությունն ապացուցել են Օբամայի մոտեցման առավելությունը.

«Այսպիսով, խնայողության եւ ներդրումներ կատարելու միջեւ բանավեճը հիմնականում փակվել է ի օգուտ ներդրումների անհրաժեշտությանը»:

Չինաստանում Բարաք Օբաման գագաթաժողովի նախաշեմին առանձին բանակցություններ է վարելու նաեւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: Օբամայի Ազգային անվտանգության խորհրդականի մյուս տեղակալ Բեն Ռոդեզի խոսքով, նախատեսվում է քննարկել ինչպես շրջակա միջավայրի պահպանության եւ միջուկային զենքի տարածումը կանխելուն ուղղված ամերիկա-չինական համագործակցությունը, այդպես էլ տարաձայնությունների առարկա հանդիսացող առցանց անվտանգության, տնտեսական մոտեցումների եւ Չինաստանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները.

«Սա նախագահ Օբամայի վերջին հնարավորությունն է նախագահի պաշտոնում հանդիպել իր չինացի գործընկերոջ հետ, քննարկել հարաբերությունների վիճակը եւ փորձել գտնել ոլորտներ, որոնցում մենք կարող ենք եւս առաջընթաց արձանագրել»:

Նախագահ Օբաման գագաթաժողովի շրջանակներում նախատեսում է մի շարք երկկողմ հանդիպումներ եւս անցկացնել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում չի նախատեսվում, սակայն, Սպիտակ տան ներկայացուցիչներն այն հավանական են համարում.

«Երկու նախագահների մասնակցությամբ անցնող բոլոր գագաթաժողովների ընթացքում մենք փորձում ենք հնարավորություն ստեղծել, որպեսզի նրանք երկուսով բանակցելու ժամանակ գտնեն: Քննարկումները սովորաբար կենտրոնանում են Սիրիայի եւ Ուկրաինայի վրա: Չգիտեմ, թե արդյոք պաշտոնական հանդիպում տեղի կունենա թե ոչ, սակայն, ակնկալում եմ, որ նրանք հնարավորություն կգտնեն հանդիպելու»:

XS
SM
MD
LG