Մատչելի հղումներ

Հայկական ավանդական հրուշակեղեն՝ ամերիկյան շուկայում


Եվրոպայում զգալի հաջողություններ արձանագրած Մառլենկա ընկերությունը, որը հայտնի է իր հայկական ավանդական հրուշակեղենի արտադրությամբ, որոշել է նվաճել նաեւ ամերիկյան շուկան: Մառլենկա-ԱՄՆ ընկերության ներկայացուցիչ Ռուբեն Կոսեյանի խոսքով, Միացյալ Նահանգներում նրանք մեծ ծրագրեր ունեն.

«Այսօր մենք մեր արտադրանքը վաճառում ենք 7-8 նահանգներում, սակայն, նախատեսում ենք տարածել վաճառքներն ԱՄՆ-ի բոլոր նահանգների տարածքում»:

2003 թվականին Չեխիայում հայ գործարար Գեւորգ Ավետիսյանի կողմից հիմնադրված ընկերության պատմությունը կրկին ապացույցն է, որ ազատ շուկայի եւ ժողովրդավար հասարակության պայմաններում հաջողության հասնելու հնարավորություն ունի խելացի եւ աշխատասեր յուրաքանչյուր մարդ, նույնիսկ եթե նա ներգաղթել է արտերկրից:

«Ցանկացած գործ ունի իր դժվարությունները, 13 տարիների ընթացքում ընկերությունը բարդ ճանապարհ է անցել», - պատմում է Մառլենկա-ԱՄՆ ընկերության մարկետինգի տնօրեն Վահագն Սահակյանը:

Դժվար է պատկերացնել, որ այսօր երեք խոշոր արտադրություն ունեցող Մառլենկայի առաջին տորթերը պատրաստվել էին բնակարանային պայմաններում: Ընկերության ներկայացուցիչների խոսքով, հաջողության գաղտնիքն ավանդական հայկական բաղադրամասերի, բնական նյութերի եւ աշխատասիրության մեջ է:

«Մեր արտադրանքը պատրաստվում է ավանդական հայկական մեղրով տորթերի բաղադրամասերից: Պարզվեց, որ միայն հայերը չէ, որ դրանք սիրում են», - պատմում է Վահագն Սահակյանը:

Միացյալ Նահանգներում հայկական ավանդական տորթերը այստեղի բնակիչներին դուր են եկել: Գնորդների թվում են ոչ միայն ավանդական խանութներն այլեւ՝ էթնիկ սնունդի մասնագիտացված ասիական եւ հնդկական խանութները: Հաշվի առնելով պահանջարկը, ընկերության ներկայացուցիչները չեն բացառում, որ ապագայում Միացյալ Նահանգներում բացվի նաեւ սրճարանների ցանց, որոնց այցելողները հնարավորություն կունենան վայելելու հայկական ավանդական հրուշակեղեն:

XS
SM
MD
LG