Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը մտահոգված է իրանական նավերի գործողություններով


Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ ուժերին պատկանող 4 նավեր Հորմուզի նեղուցի մոտ երեքշաբթի օրը «անհանգստություն» են պատճառել ԱՄՆ-ին պատկանող մի ռազմանավի։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա։ Նրա խոսքերով, իրանական նավերը մինչեւ 25Օ մետր մոտեցել են «USS Nitze» ռազմանավին, ինչը, նրա խոսքերով, «անվտանգ չէր ու ոչ արհեստավարժ էր»։ Ի դեպ, իրանական նավերն այս քայլին են դիմել՝ անտեսելով ամերիկյան ռազմանավի նախազգուշացումները։

Իրանի սահմանապահ ուժերին մտահոգում է Իրանի սահմաններին մոտ ամերիկյան ռազմանավի ներկայությունը։ Լրատվական գործակալությունները հիշեցնում են, որ ԱՄՆ-ը ու մի շարք այլ երկրներ էլ մտահոգված են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի նկատմամբ Իրանի աջակցության, Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի եւ Իրաքում շիա մահմեդական զինյալ խմբերի նկատմամբ աջակցության փաստի կապակցությամբ։

ԱՄՆ-ի նշված պաշտոնյան տեղեկացնում է նաեւ, թե «USS Nitze» ռազմանավը կատարել է իրանական նավերի հետ կապ հաստատելու 12 փորձ, սակայն չի ստացել որեւէ պատասխան։ Այն նաեւ շողարձակ նախազգուշական 1Օ կրակ է արձակել իրանական երկու նավերի ուղղությամբ։

Ամերիկյան ռազմանավը ստիպված է եղել փոխել ուղղությունը՝ նպատակ ունենալով հեռու մնալ իրանական նավերից։ Այս մասին տեղեկացրել է նույն պաշտոնյան՝ հավելելով, որ հակառակ դեպքում միջադեպը կարող էր դառնալ դիվանագիտական բողոքի պատճառ, չնայած ԱՄՆ-ը չունի դիվանագիտական հարաբերություններ Իրանի հետ։

Ինչպես Քարնեգի հաստատության փորձագետներից Քարիմ Սադջափուրն է ասում, դեռեւս պարզ չէ այս գործողությունն իրականացվել է Իրանի հեղափոխական պահակախմբի երբեմն հանդուգն հրամանատարության կողմից, թե ստացել էր Թեհրանի բարձրաստիճան պաշտոնյաների արտոնությունը։

«Արդեն չորս տասնամյակ է Իրանի հեղափոխական պահակախումբն այն տրամադրության տակ է, որ Ամերիկան հանդիսանում է Իսլամական Հանրապետության ամենամեծ սպառնալիքը», ասել է փորձագետն ու ավելացրել, թե «այս մոտեցումն ու վերաբերմունքը փոփոխություն չի կրել նույնիսկ միջուկային հարցով գործարք կնքելուց հետո»։

XS
SM
MD
LG