Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը որոնում է Գյուլենին Թուրքիային չհանձնելու ուղիներ


ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընը Արեւմտյան տերություններից ամենաբարձրաստիճան ղեկավարն է, որը Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո այց է կատարում այդ երկիր, երկիր, որտեղ իրականացվել են հազարավոր ձերբակալություններ, որտեղ մոտ 8Օ հազար մարդ ազատվել է զբաղեցրած պաշտոններից։

Մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, որ Թուրքիայում մարդիկ այն տպավորությունն ունեն, թե ԱՄՆ-ը ու Եվրոպական Միությունը չափից ավելի տեղ են հատկացնում Թուրքիային քննադատությանը։ Ինչպես Բրուքինգզ հաստատության վերլուծաբաններից Քեմալ Քիրիսչին է ասում, Թուրքիայում շատերն են տարակուսում, թե ինչու երկար տարիների ջերմ աջակից ԱՄՆ-ը հեղաշրջման ձախողված փորձից հետո չի շտապում իր աջակցությունը հայտնել Թուրքիայի իշխանություններին։

Ինչպես պետքարտուղարության խոսնակ Ջոշ Էրնըսթն է ասում, Թուրքիայի ղեկավար անձանց հետ հանդիպման ժամանակ Բայդընը շեշտելու է «ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը դաշնակից Թուրքիային»։ Էրդողանին սա դուր կգա, սակայն դուր չի գա Բայդընի խոսքի երկրորդ մասը, որտեղ վերջինս մտահոգություն է արտահայտելու ամբողջ երկրի տարածքում Էրդողանի կողմից իրականացվող գործողությունների կապակցությամբ։ Մի երկիր, որի ղեկավարության հիմնական թիրախն այսօր իսլամական կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենն է՝ նախագահ Էրդողանի քաղաքական հակառակորդը, որին Էրդողանն արդեն երկար տարիներ էր փորձում չեզոքացնել, եւ կարծում է, թե եկել է պահը, երբ կկարողանա ապահովել նրա արտահանձնումը ԱՄՆ-ից։ Հիշեցնենք Էրդողանի հետեւյալ խոսքերը. «ԱՄՆ-ը պիտի կատարի Թուրքիայի ու Գյուլենի միջեւ ընտրություն»։

Էրդողանը վերջին օրերին զայրացած հայտարարում էր, որ երբ խոսքը գնում է կասկածյալ ահաբեկիչների մասին, Թուրքիան առանց փաստաթղթեր պահանջելու է արտահանձնում նրանց ԱՄՆ-ին։

Բայց փորձագետները, ինչպես օրինակ իրավաբաններից Ռիիդ Ուայնգարթընը, ասում են. «Աննախադեպ ու սարսափելի կլիներ, եթե Միացյալ Նահանգները ցուցաբերեր թուլամորթություն, Գյուլենին նստեցներ օդանավ եւ ուղարկեր այնտեղ, որտեղ իշխանությունների կողմից արդեն իսկ առկա է սոսկալի տրամադրվածություն ընդդեմ նրա»։

Պետքարտուղարության խոսնակն ասել է, թե «ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ, այո, արդեն 3Օ տարի է գործում է արտահանձնման մասին պայմանագիրը»։ Սակայն նա ավելացրել է նաեւ, թե Թուրքիա են մեկնել պետքարտուղարության 1 եւ արդարադատության նախարարության երեք մասնագետներ, պարզելու համար, թե արդյոք Թուրքիան ունի բավարար փաստեր այն մասին, որ Գյուլենն ինչ որ կերպ առնչվում է հեղաշրջման փորձի հետ։

Բայդընը, ըստ “Washington Post” օրաթերթի, Անկարայում հայտարարելու է, թե որքան է ԱՄՆ-ը հասկանում Թուրքիայի հոգսերը եւ փորձելու է վստահեցնել իր հողի վրա ՆԱՏՕ-ին պատկանող միջուկային զենքեր պահեստավորող Թուրքիային, որ ԱՄՆ-ը չի ցանկանում ապակայունացնել այս երկիրը։

Էրդողանի ականջին նա ասելու է, որ ԱՄՆ-ը որեւէ կերպ չի հրահրել հեղաշրջումը, եւ որ Գյուլենին չի դարձնելու վհուկների որսի զոհ։

XS
SM
MD
LG