Սիրիայի Մանբիջ քաղաքի կենտրոնում մարդիկ երգում են ու պարում ու օրհնում նրանց, ում ուժերով ու կյանքի գնով է ազատագրվել հարազատ քաղաքը ՝՝Դաեշ՛՛-ից։ Ու չնայած քաղաքն այսօր ավերված է, կանգուն է մարդկանց հույսը, որ քաղաքը նորից կստանա իր առաջվա տեսքը։ ՝՝Իսլամական պետություն՛՛ ծայրահեղական խմբավորումը Թուրքիային սահմանակից այս քաղաքը գրավել էր երկու տարի առաջ ու հաստատել մահմեդական խստագույն օրենքներ, երբ կանայք պիտի ծածկեին իրենց մարմինը ոտքի ծայրից մինչեւ ճակատը, երբ տղամարդիկ պիտի մոռանային սափրվելու մասին։
Ինչպես որբացած Հասնահ Աբդուլլահն է ասում, ՝՝Դաեշ՛՛-ի զինյալները սպանել են իր հորողբոր որդուն, մյուսի աչքն են հանել, մահացել է մայրը, մորաքրոջը նետել են բանտ։
Երկուշաբթի օրը ստացված տեսագրությունների համաձայն, Սիրիայի կառավարական ուժերը հրթիռներ են արձակել Դամասկոսի արվարձանների ուղղությամբ, որտեղ հիմնականում կենտրոնացած են նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությանն ընդդիմադիր բնակիչներ։
Կառավարական ուժերը, ռուսական ռազմաօդանավերի ուղեկցությամբ հարձակումներ են գործել նաեւ Իդլիբ քաղաքի ուղղությամբ, որտեղ ներկայումս գտնվում են Հալեպից փախած հազարավոր քաղաքացիներ։
Սիրիայում այսպիսին է իրավիճակն այսօր, որտեղ հինգերորդ տարին շարունակվող քաղաքացիական պատերազմի արդյունքում ամբողջ երկրի տարածքում կարելի է հանդիպել որբացած բազում երեխաների։
Ինչպես որբանոցներից մեկի դաստիարակ Մոհամեդ Ջաֆարն է ասում. ՝՝Մենք հոգում ենք երեխաների կարիքները, փորձում ապահովել կրթությամբ։ Այս հարցում ստանում ենք աջակցություն տարբեր կազմակերպություններից։ Սակայն որբ երեխաների թիվը շարունակում է արագ աճել՛՛։
Միայն այս որբանոցում 4ՕՕ տղա է գտել ապաստան։ Թիվն առաջին հայացքից շատ մեծ է թվում, սակայն այն շատ փոքր է՝ 25Օ հազար զոհ տված Սիրիայի որբերի իրական թվի համեմատ։
Այլ հաղորդագրությունների համաձայն էլ, ՝՝Դաեշ՛՛-ը կորուստներ է կրում նաեւ Իրաքում, որտեղ քրդական ՝՝Փեշմերգա՛՛-ի ուժերը նկատելի առաջընթաց են գրանցում մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի ուղղությամբ ընթացող մարտերում։ Այստեղ նրանք ազատագրել են Մոսուլի շուրջը գտնվող 12 գյուղ, ինչը քրդերին ու ՝՝Դաեշ՛՛-ի դեմ գործող մյուս ուժերին տալիս է դեպի Մոսուլ շարժվելու եւս մեկ ճակատ։