Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի իշխանություններն աջակցություն են հայտնում հայ լրագրողներին - «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայության 65 ամյակին նվիրված միջոցառում


Միացյալ Նահանգների դեսպանությունն ու կառավարությունն աջակցում են հայ լրագրողներին եւ բարձր գնահատում նրանց աշխատանքը, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսն «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայության 65-ամյակի կապակցությամբ ընդունելության ընթացքում: Իր ելույթում դեսպան Միլսն ընդգծել է «Ամերիկայի Ձայն»-ի դերն ազատ խոսքի զարգացման եւ պահպանման գործում.

«Իր ամբողջ պատմության ընթացքում, «Ամերիկայի Ձայն»-ը տարածել է ազատ, անկախ եւ անաչառ տեղեկատվություն, հնարավորություն տալով արտահայտել սոցիալ-քաղաքական հարուստ բազմազանություն արտահայտող կարծիքներ եւ օգնել աշխարհի մարդկանց լինել տեղեկացված եւ մասնակից դառնալ իրենց ապագան կերտող իրադարձություններում»:

Դեսպանի խոսքով, մամուլի ազատությունը փխրուն ազատություն է, որն անհրաժեշտ է պաշտպանել հնարավոր ամեն եռանդով:

«Այսպիսով, ցանկանում եմ օգտագործել այս հնարավորությունը, ողջունելու ոչ միայն իրենց գործին նվիրված «Ամերիկայի Ձայն»-ի լրագրողներին, այլեւ՝ խիզախ եւ նվիրյալ Հայաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք այսօր այստեղ են եւ ովքեր պայքարում են այդ ազատությունների համար ամեն օր», - նշել է դեսպանը:

Ռիչարդ Միլսի խոսքով, երեկոյին ներկա լրագրողներից ոմանք բռնության եւ հարձակումների են ենթարկվել իրենց կարեւորագույն աշխատանքային պարտականությունները կատարելիս:

«Շատերը վիրավորվել էին կամ վնասվել էր նրանց տեխնիկան՝ Էրեբունիի բողոքների ընթացքում: Այդ հարձակումներն ուղղված են եղել ոչ միայն անձամբ լրագրողների, այլ՝ ընդհանրապես լրատվամիջոցների ազատության գաղափարի դեմ: Ես հիանում եմ այն կարեւորագույն դերով, որն ամեն օր կատարում են այստեղ հավաքված լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչները եւ ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ մենք՝ ԱՄՆ-ի դեսպանությունը եւ ԱՄՆ-ի կառավարությունը աջակցում ենք ձեր կատարած աշխատանքը», - ընդգծել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը:

Անդրադառնալով «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայության աշխատանքին՝ Ռիչարդ Միլսը նշել է, որ այն արտերկրից հեռարձակվող առաջատար լրատվամիջոցն է Հայաստանում.

«Ես անձամբ լսել եմ գյուղական շրջաններում եւ Երեւանում բնակվող քաղաքացիներից, թե որքան կարեւոր դեր է խաղում «Ամերիկայի Ձայն»-ը՝ Հայաստանի լսարանին ծառայելով որպես անկողմնակալ տեղեկատվության աղբյուր եւ ոսկե չափանիշ սահմանելով իր ազատ եւ անկախ հաղորդումներով»:

Իր պատասխան խոսքում «Ամերիկայի Ձայն»-ի Եվրասիայի բաժանմունքի ղեկավար Էլեզ Բիբերայը նշել է, որ Հայկական ծառայությունն «Ամերիկայի Ձայն»-ի լավագույն ծառայություններից մեկն է.

«Ամերիկայի Ձայն»-ն առանցքային դեր էր խաղացել հայ ազգի նոր պատմության մեջ», - նշել է Էլեզ Բիբերայը. – «65 տարի առաջ իր հիմնադրման օրից ի վեր, «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունն աջակցել է ազատության ու ժողովրդավարության համար Հայաստանի ձգտումներին՝ ապահովելով երկրի քաղաքացիներին Միացյալ Նահանգների, Հայաստանի եւ աշխարհի մասին ստույգ, անաչառ եւ հավասարակշիռ նորություններով եւ տեղեկատվությամբ»:

Ընդունելությանը ներկա էին նաեւ «Ամերիկայի Ձայն»-ի Եվրասիայի բաժանմունքի ծրագրերի ղեկավար Վիվիան Չաքարյանը եւ Հայկական ծառայության ղեկավար Ինեսա Մխիթարյանը. Բիբերայի բնորոշմամբ, «երկու ամերիկահայեր, ովքեր անչափ մեծ հոգատար վերաբերմունք ունենՀայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ»:

XS
SM
MD
LG