Մատչելի հղումներ

Թրամփը մեղադրում է մամուլին, Քլինթընը՝ խոսում տնտեսության մասին


.

ԱՄՆ-ի նախագահական թեկնածուները հավաքներ են անցկացնում երկրի այն նահանգներում, որտեղ բնակչության նկատելի հատվածը դեռեւս չի կողմնորոշվել՝ քվեարկել Քլինթընի, թե՞ Թրամփի օգտին։

Այս օրերին, երբ ԱՄՆ-ի նախագահական երկու թեկնածուներն իրենց ուշադրությունը սեւեռում են հատկապես այն նահանգների վրա, որտեղ մեծ է չկողմնորոշված մարդկանց թիվը, նրանց ամեն մի խոսք կարող է ունենալ ճակատագրական նշանակություն։ Օրինակ Թրամփը ենթարկվեց ուժեղ քննադատության, երբ երեքշաբթի օրը հայտարարեց, թե հրազեն կրելու կողմնակիցները կարող են թույլ չտալ, որ Քլինթընը նշանակի Գերագույն դատարանի դատավորներին։ Շատերն այս կոչը համարեցին բռնության հրահրում։

Ոմանք էլ դա համարեցին Թրամփի սովորական հայտարարություններից մեկը։ Եվ ինչպես նրանցից շատերն են ասում, իրենք Քլինթընին են ընտրելու միայն այն բանի համար, որ չեն սիրում Թրամփի դեմագոգիան։

Իսկ մինչեւ Թրամփի աջակիցները շտապում էին մամուլի միջոցով ապացուցել, որ նա նկատի չի ունեցել բռնության կիրառումը, հանրապետական թեկնածուն Վիրջինիայում անցկացրած հավաքի ժամանակ շտապում էր կոչ անել չվստահել մամուլին։
Թրամփը հայտարարում է, թե մամուլն ամեն անգամ կառչում է իր բառերից ու փորձում գտնել հարվածելու մի տեղ, սակայն շատ հաճախ անտեսում է Քլինթընի մասին փաստերը։ Նրա խոսքերով, մամուլը բավարար չափով չդատապարտեց Քլինթընին՝ վերջինիս կողմից անձնական էլեկտրոնային փոստով գաղտնի փաստաթղթեր ուղարկելու փաստի առնչությամբ։

Քլինթընն իր վերջին այս հանրահավաքներում շարունակում է հայտարարել, թե Թրամփը չունի Միացյալ Նահանգների գլխավոր հրամանատար դառնալու խառնվածք։ Այովա կատարած այցի ընթացքում Քլինթընը, սակայն, ավելի շատ կենտրոնացավ տնտեսության վրա, որը վերլուծաբանների կարծիքով, ամենակարեւոր հարցն է, որ պիտի լինի թեկնածուների օրակարգում։

Քլինթընը հայտարարեց, թե ինքը հավատում է, որ եթե բարելավվեն ենթակառույցները ու եթե զարկ տրվի վերականգնվող էներգիայի զարգացմանը, տնտեսությունը շահավետ կլինի ոչ միայն հարուստների, այլ բոլորի համար։
Նա փորձում է վստահեցնել, որ տնտեսական իր ծրագիրը կարող է ստեղծել ավելի քան 1Օ միլիոն աշխատատեղ։

Ըստ որոշ տեղեկությունների, ԱՄՆ-ի գաղտնի գործակալությունը հանդիպում է ունեցել Թրամփի քարոզարշավի թիմում՝ կապված վերը նշված նրա այն հայտարարության հետ, որը շատերը համարել էին բռնության հրահրում։ Թրամփն ասում է, թե նման որեւէ հանդիպում տեղի չի ունեցել։

XS
SM
MD
LG