Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում շատերը դժգոհ են Թրամփ-Քլինթոն ընտրությունից


ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Սքրանթոն քաղաքում բնակվող ամերիկահայ Քիշան Մարգարյանը բեռնատարի վարորդ է: Թեւեւ նրա վարած բեռնատարի վրա փակցված է Դոնալդ Թրամփի լուսանկարը, Քիշանը միլիոնավոր ամերիկացիների նման դժվարանում է որոշում կայացնել: Նա գոհ չէ, ո՛չ նախագահի հանրապետական թեկնածու Թրամփից, ո՛չ էլ դեմոկրատների թեկնածու Քլինթոնից.

«Չգիտեմ: Ընտրողը միայն ես լինեի, ոչ մեկին էլ չէի ընտրի: Բայց, ինչ արած: Մեկն ու մեկը պետք է լինի, որ ղեկավարի երկիրը»:

Քիշանի վարած բեռնատարի սեփականատեր Բոբ Բոլուսն արդեն կողմնորոշվել է.

«Ես անկեղծ հավատում եմ Դոնալդ Թրամփին»:

Բոլուսը համոզված է, որ Թրամփը նախագահ դառնալու դեպքում Միացյալ Նահանգներ կվերադարձնի աշխատատեղերը եւ ձեռնարկությունները եւ կարգելափակի ներգաղթյալների մուտքը: Բոլուսն իր մոտեցումներում միայնակ չէ, նշում է վերլուծաբան Քրիսթոֆեր Բորիքը: Միջին կրթություն ունեցող սպիտակամորթ ամերիկացիների 53 տոկոսն աջակցում է Դոնալդ Թրամփին.

«Նրանք ահաբեկված են բազմաթիվ պատճառներով. աշխատանքի կորստի, ձեռնարկությունների արտագաղթի կամ ներգաղթյալների աճի պատճառով»:

Թրամփի օգտին քվեարկելու մյուս պատճառներն են Հիլարի Քլինթոնի նկատմամբ բացասական վերաբերմունքը կամ անվստահությունը: Բժշկական սարքավորումների վաճառքով զբաղվող Մայք Ռութը հենց այդ մարդկանց թվին է պատկանում: Թրամփին Ռութը չի աջակցում.

«Նա իրեն լավ բանակցող է անվանում, սակայն, իմ կարծիքով, նա փոխզիջումների գնալու պատրաստ չէ, իսկ առանց դրա, այլ պետությունների ղեկավարների հետ համաձայնություններ չեն կնքում»:

Այնուամենայնիվ, Ռութի խոսքով, երկու թեկնածուներից ինքը ձայնը տալու է Թրամփին: Վերլուծաբանների խոսքով, համապատասխանաբար, Քլինթոնին շատերը պատրաստվում են ձայն տալ հենց Թրամփի հետ արմատական անհամաձայնությունների պատճառով:

Քլինթոնի կողմնակիցներին սակայն կանդրադառնանք մեր ապագա հաղորդումներում:

XS
SM
MD
LG