Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեային դատապարտող հայտարարությունը ձախողվեց


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չորեքշաբթի օրը երկրորդ անգամ չհաջողվեց օգոստոսի 2-ին բալիստիկ հրթիռ արձակելու կապակցությամբ Հյուսիսային Կորեային դատապարտող հայտարարության շուրջ գալ համաձայնության։ Հիշեցնենք, որ հրթիռը կործանվել էր Ճապոնիային պատկանող ջրային տարածքում։

Անվտանգության խորհրդում Չինաստանը պնդել է, որ ԱՄՆ-ի կողմից ներկայացված հայտարարության տեքստում նաեւ նշվի, որ ՝՝խնդրին մոտ կանգնած բոլոր կողմերը պետք է խուսափեն այնպիսի քայլերից, որոնք կարող են ավելի սրել իրադրությունը՛՛։ Չինաստանն այս հավելումով նկատի ունի ամերիկյան հակահրթիռային համակարգեր տեղակայելու մասին Հարավային Կորեայի կողմից անցյալ ամիս ընդունված որոշումը։ Չինաստանը նաեւ պահանջել է տեքստից հանել Ճապոնիայի մոտակայքում հրթիռի անկման մասին որեւէ նախադասություն։
ԱՄՆ-ը պնդում է, որ հակահրթիռային այս համակարգն ունի զուտ պաշտպանական նպատակ։

Ինչպես Վաշինգտոնից գործող Կորեայի տնտեսական հաստատության վերլուծաբան Թրոյ Ստենգերոնն է ասել ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին, փակուղային այս իրավիճակը դիվանագիտական անհաջողություն է Ճապոնիայի, Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի համար։

Նրա խոսքերով, Հյուսիսային Կորեային դատապարտելու հայտարարության շուրջ անհամաձայնությունը սխալ ուղերձ է հղում Հյուսիսին այն մասին, որ արգելված հրթիռների արձակումը կարող է մնալ անհետեւանք։

՝՝Չինաստանը պետք է լավ ըմբռնի Փհենյանի կողմից անվտանգության սպառնալիքները եւ նաեւ հենց Չինաստանի շահերից բխող հակահրթիռային համակարգի տեղակայման կարեւորությունը՛՛, ասել է նա։

XS
SM
MD
LG