Մատչելի հղումներ

Թուրքիան ու Ռուսաստանը քննարկում են Սիրիայի հարցը


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Անկարայում ասել է, թե Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայի խնդիրը լուծելու հարցում։

՝՝Սիրիայում հրադադար հաստատելու, մարդասիրական օգնություն առաքելու ու ճգնաժամն ավարտելու քաղաքական լուծումների հարցում Թուրքիան ու Ռուսաստանն ունեն նման տեսակետներ։ Կարող են լինել հրադադար հաստատելու ուղիների վերաբերյալ որոշ տարաձայնություններ։ Մենք հատկապես չենք ցանկանում հարձակումներ ընդդեմ քաղաքացիական անձանց։ Մենք չենք ընդունում նաեւ ահաբեկչական խմբավորումներից զատ, չափավոր ընդդիմության նկատմամբ հարձակումները։ Մենք չենք ընդունում Հալեպի պաշարումը՛՛, ասել է Չավուշօղլուն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ինքն աշխատանքներ է տանելու Թուրքիայի հետ լիակատար հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ, սակայն նշել, որ առեւտրային կապերը վերականգնելու համար ավելի երկար ժամանակ է պահանջվելու։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքերով, երկու երկրները վերականգնելու են տարեկան 1ՕՕ միլիարդ դոլարի առեւտրի ծավալները եւ արագացնելու են երկու երկրների միջեւ չարթերային թռիչքների վերսկսումը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունները սրվել էին անցյալ տարվա նոյեմբեր ամսին Սիրիայի սահմանի մոտ թուրքական ուժերի կողմից ռուսական ռազամօդանավի կործանումից հետո։

XS
SM
MD
LG