Մատչելի հղումներ

Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են վերականգնել խաթարված հարաբերությունները


Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ վերականգնել տնտեսական եւ այլ բնագավառներում համագործակցությունը։ Այս մասին իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում անցկացված հանդիպման ժամանակ։ Սրանից մի քանի ամիս առաջ Սիրիայի օդային տարածքում Թուրքիայի կողմից ռուսական ռազմաօդանավի կործանումից հետո նման խոսքերն անհնար էին թվում, հատկապես, երբ մի կողմը մյուսից պահանջում էր ներողություն, մյուս կողմը՝ կտրականապես մերժում։

Եվ ահա Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձից հետո այս երկրի նախագահն արտասահմանյան իր առաջին այցը կատարում է Ռուսաստան, որն առաջիններից մեկն էր հեղաշրջման փորձի ժամանակ աջակցություն հայտնել Էրդողանի կառավարությանը, իսկ այցից առաջ՝ Էրդողանը հայտարարել, թե Պուտինն իր բարեկամն է։ Այցը տեղի է ունենում այն պահին, երբ Արեւմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունները գտնվում են սառած վիճակում։

Հիշեցնենք, որ ռուսական ռազմաօդանավի կործանումից հետո սկսված իրար մեղադրող հայտարարությունների պատերազմը մեծ հարված հասցրեց երկու երկրների միջեւ առեւտրին։ Թուրքիայից Ռուսաստան արտահանումները տարվա առաջին կեսին 61 տոկոսի անկում գրանցեցին։ Դադար առան էներգետիկ ծրագրերը։ Կանգ առան ՝՝Թուրքական հոսք՛՛ գազատարը, որը Սև ծովի հատակով պիտի անցներ Թուրքրիայի տարածքով՝ ռուսական գազը հասցնելով մինչև Հունաստան, եւ Թուրքիայում Ռուսաստանի կողմից Աքքույուի միջուկային կայանի կառուցման աշխատանքները։ Դադարեցին Թուրքիայից բանջարեղենի ու մրգերի ներկրումները Ռուսաստան։ Սառեցման փուլ մտավ զբոսաշրջությունը, երբ մինչ այդ թուրքական ափերը լիքն էին ռուս զբոսաշրջիկներով։

Բայց սառույցը հալվել սկսեց հունիսից, երբ ՝՝ոչ մի խնդիր հարեւանների հետ՛՛ նշանաբանը որդեգրած Թուրքիան, հայտնվելով ՝՝բոլորի հետ խնդիրներ ունեցող՛՛ երկրի պիտակի տակ, որոշեց կոտրել թուրքական համառությունն ու Էրդողանի բերանով ներողություն խնդրեց Ռուսաստանից՝ ռազմաօդանավի կործանման համար։ Նոյեմբերից մինչեւ հունիս։ Ուշ էր, բայց ինչպես ասում են՝ ուշ լինի, նուշ լինի։

Դրան հաջորդեց Պուտինի աջակցությունը Թուրքիայի ձախողված հեղաշրջման օրերին։ Ու կարեւոր մի հանգամանք. Պուտինը չքննադատեց Էրդողանին՝ այստեղ քաղաքական իր հակառակորդների դեմ Էրդողանի սկսած ճնշամիջոցների համար, երկիր, որտեղ այդ օրերից ի վեր 26 հազար մարդ է ձերբակալվել։ Այս առումով է նաեւ Ռուսաստանը դառնում Թուրքիայի բարեկամ։ Չէ որ Եվրոպան Էրդողանին խստորեն էր դատապարտել համատարած ձերբակալություններ իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ Սիրիայի պատերազմի հետ կապված, Թուրքիայի հարաբերությունները լարված են նաեւ ՆԱՏՕ-ում դաշնակից ԱՄՆ-ի հետ, երբ Թուրքիան փորձում է թուլացնել քրդական ուժերին, իսկ ԱՄՆ-ը՝ կենտրոնանում ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորմանը ոչնչացնելու վրա։ Մյուս կողմից, երբ ԱՄՆ-ը միանում է Եվրոպային՝ դատապարտելու համար Թուրքիայում զանգվածային ձերբակալությունները, Էրդողանը պահանջում է, որ ԱՄՆ-ը արտահանձնի այստեղ բնակվող մահմեդական կրոնավոր Ֆեթուլլահ Գյուլենին՝ նրան մեղադրելով հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչը լինելու մեջ։

Արդյո՞ք Թուրքիան ու Ռուսաստանն այսօր համաձայնվում են բոլոր հարցերում։ Ոչ։ Օրինակ, նրանք Սիրիայում պաշտպանում են հակառակ կողմերին, Թուրքիան՝ ապստամբ ուժերին՝ ընդդեմ նախագահ Բաշար ալ Ասադի, Ռուսաստանն՝ ընդդեմ ապստամբ ուժերի՝ հօգուտ նախագահ Ասադի։ Թուրքիան պատերազմում է ընդդեմ Քրդական աշխատավորական կուսակցության ու Սիրիայում այս կուսակցությանն աջակից ուժերի, Ռուսաստանը՝ ըստ Էրդողանի, զինում է քրդերին։

Բացի այդ, Ռուսաստանն ու Թուրքիան Կովկասում ու սեւծովյան տարածաշրջանում իրենց ազդեցության համար արդեն մի քանի դար է մրցակցության մեջ են։ Թուրքիան նաեւ բորբոքվել էր 2Օ14 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելու պատճառով՝ Մոսկվային մեղադրելով Ղրիմի թաթարների իրավունքները ոտնահարելու համար։

Ինչպես վերլուծաբաններից շատերն են ասում, Պուտինն ու Էրդողանը շատ նմանություններ ունեն։ Երկուսն էլ ավտորիտար, կռվարար, համառ ու ազգայնական են, ու շատ քիչ են մտահոգվում մարդու իրավունքներով։ Երկուսն էլ արագ բորբոքվող են, սակայն ունեն արտաքին բորբոքվածությունից շատ արագ հրաժարվելու ունակություն, երբ դա անհրաժեշտ է ռազմավարական շահերի համար։

XS
SM
MD
LG