Մատչելի հղումներ

Թրամփն ու Քլինթընը պայքարը շարունակում են քաղաքական խայթոցների եղանակով


ԱՄՆ-ի նախագահական թեկնածուներ Դոնալդ Թրամփը եւ Հիլարի Քլինթընը Դեթրոյթ քաղաքում այս շաբաթ անցկացվելիք քարոզարշավների ընթացքում կենտրոնանալու են տնտեսական իրենց ծրագրերի վրա։ Հանրապետական ու դեմոկրատ այս թեկնածուների համար, իրար շարունակ կծոտելուց զատ, չափազանց կարեւոր է խոսել տնտեսության մասին, որը երկրի ներսում թիվ մեկ խնդիրն է արդեն մի քանի տարի։

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը շարունակ հայտարարում է, թե Ամերիկայի ժողովրդին հարկավոր չէ մի նախագահ, որը կարող է ՝՝կարճ միացման՛՛ պատճառ դառնալ։ Դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթընը մի քանի անգամ է կրկնել, որ ընդունում է էլեկտրոնային երկու հասցեով նամակագրություն իրականացնելու իր սխալը։

՝՝Ինչ որ մի ձեւով կարճ միացում եմ թույլ տվել՛՛, ասել էր նա ու շարունակել պաշտպանել իրեն։

Իրեն պաշտպանելու նպատակով Քլինթընի կողմից կիրառված ՝՝կարճ միացում՛՛ բառակապակցությունը կրկնելով՝ Թրամփն ասել է,

՝՝Նա մի փոքր կարճ միացում ունի իր ուղեղում։ Նա իրոք խնդիրներ ունի, դա՝, հաստատ՛՛։ Թրամփի խոսքերով, ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորումը, թուքը բերանն առած, սպասում է Քլինթընի հաղթանակին։

Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ ու դաշնային դատախազ Ռուդի Ջուլիանին, հիմք ընդունելով Քլինթընի կողմից պաշտոնական նամակագրությունը մասնավոր կայքով իրականացնելու փաստը, ասել է, թե ինքը դատական գործ կհարուցեր Քլինթընի դեմ։

՝՝Նախ հիմք կընդունեի այն փաստը, որ նա ստել է։ Նա կարճ միացում չի կատարել։ Նա ստում է, ասելով, թե Հետաքննությունների դաշնային բյրուրոն չի կարծում, որ ինքը ստել է՛՛։

Քլինթընն ու պաշտոնատար այլ անձինք ասում են, թե գաղտնի փաստաթղթերը ոչ միշտ են ճշգրիտ կերպով ձեւակերպվել որպես գաղտնի փաստաթուղթ։

Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի նախկին պաշտոնակատար Մայքըլ Մորելլին մեկն է նրանցից, ովքեր շեշտում են, որ այո, Քլինթընն ինտերնետով չի ուղարկել այնպիսի փաստաթղթեր, որոնց վրա գրված է եղել ՝՝գաղտնի՛՛ բառը։

Բայց իհարկե, դա նշանակություն չունի ու չի կարող լինել ճիշտ պատճառ Քլինթընին արդարացնելու համար, ասում են նրա քննադատները։

Առաջին հայացքից թվում է, թե այս քննադատությունների ներքո Քլինթընը պիտի շարունակեր կորցնել միավորներ, սակայն վերջին հարցումների արդյունքում նա Թրամփից առաջ է ութ միավորով։

XS
SM
MD
LG