Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը հերքում է Իրանին փրկագին վճարելու մասին լուրերը


Բարաք Օբաման հերքում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ-ը 4ՕՕ միլիոն դոլար է փոխանցել Իրան այն նույն օրը, երբ այստեղից ազատ են արձակվել ԱՄՆ-ի քաղաքացիները։ Այս լուրերի համաձայն, փոխանցումը կատարվել է որպես պատանդներին ազատ արձակելու փրկագին։

Օբամայի խոսքերով, դրամական փոխանցման մասին որոշում կայացվել էր դեռեւս հունվար ամսին՝ Իրանի հետ ԱՄՆ-ի կնքած միջուկային գործարքն ուժի մեջ մտցնելու հաջորդ օրը։

Հինգշաբթի օրը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Օբաման շեշտել է, որ դրամական փոխանցումը չի եղել գործարք, եւ որ կառավարությունն այդ մասին մանրամասնություններ հաղորդել է։

Wall Street Journal օրաթերթը երեքշաբթի օրն էր գրել, որ գումարն Իրանին է փոխանցվել որպես կանխիկ դրամ։ Ըստ թերթի, փոխանցումը չի կատարվել դոլարով, եւ ուղարկվել է առանց տարբերանշանների օդանավով։ Օբաման ասել է, թե միայն դա էր իր համար նորություն ու ավելացրել, որ դրամը կանխիկ վճարելու համար եղել է պատճառ։

՝՝Դրամը կանխիկ փոխանցելու պատճառն այն է, որ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում մեր պարտավորությունների համաձայն, այս երկրի հետ չունենք բանկային հարաբերություններ։ Այդ պատճառով էլ չէինք կարող նրանց ուղարկել դրամը բանկային չեքով կամ փոխանցման եղանակով՛՛։

Իրանն ամերիկացի չորս պատանդներին ազատ էր արձակել հունվար ամսին՝ կանխիկ դրամի փոխանցումից հետո։ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ասում են, թե դրամը վճարելու նպատակն էր փոխհատուցել Իրանին այն բանի համար, որ մեկ տասնամյակ առաջ չեղյալ էր հայտարարվել այս երկրի հետ զենքի առեւտրի հարցով կնքված գործարքը։

Քննադատներն ասում են, որ դրամը վճարվել է որպես փրկագին։

XS
SM
MD
LG