Մատչելի հղումներ

Ֆլորիդան գործուն պայքար է սկսել ընդդեմ զիկայի


ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում սկսել են օդանավերով միջատասպան քիմիական նյութեր տարածել՝ զիկա հիվանդությունը տարածող մոծակներին ոչնչացնելու նպատակով։ Ամերիկայում մեծ մտահոգություն է այս հիվանդությունը պատճառում, քանի որ այն մոծակների միջոցով տարածվող միակ հիվանդությունն է, որն առաջ է բերում ի ծնե արատ։

ԱՄՆ-ի Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի ղեկավարությունը Ֆլորիդա է ուղարկել փորձագետների մի խումբ, զիկա հիվանդության տարածումն ուսումնասիրելու նպատակով։ Նահանգում արդեն սկսել են օդից հակամիջատային քիմիկատներ տարածել ընդարձակ տարածքների վրա, թույլ չտալու համար, որ զիկա հիվանդության մանրէն կրող մոծակները տարածվեն դեպի Մայամի։ Հիշեցնենք, որ հենց այս քաղաքում էր վերջերս հայտնաբերվել մոծակների խայթոցի արդյունքում առաջ եկած հիվանդության մի քանի դեպք։

Ինչպես կենտրոնի տնօրեն Թոմաս Ֆրիդընն է ասում, կիրառվում է Նադալ անվանումը կրող թունաքիմիկատը։ Նրա խոսքերով, հինգշաբթի օրն այն կիրառելու արդյունքում ոչնչացվել է հասուն մոծակների հիմնական մասը։


Ֆրիդընը շեշտում է, որ մտահոգությունը չափազանց խորն է այն պատճառով, որ Միացյալ Նահանգներում վերջերս առաջին անգամ հայտնաբերվեց հիվանդության մի քանի դեպք, որոնք տարածվել էին մոծակների միջոցով։ Հիմա, ասում է նա, գլխավորը հղի կանանց պաշտպանելն է։

՝՝Հարկավոր է հեռու մնալ չհոսող ջրերից։ Այս մոծակները բազմանում են նույնիսկ շշի կափարիչների մեջ։ Խուսափեք սուրճի գավաթներից, անձրեւաջուր հավաքող դույլերից։ Դրանք կարող են բազմանալ նաեւ աղբամաններում, եթե այնտեղ կա ջրի թեկուզ չնչին կուտակում՛՛։

Երկրի նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրը հայտարարել է, թե Միացյալ Նահանգներում չի կարող զիկայի այնպիսի ՝՝բռնկում՛՛ լինել, ինչպես պատահեց Բրազիլիայում կամ Պուերտո Ռիկոյում։

՝՝Զիկա հիվանդության վարակը կրելու ունակ մոծակները տարածված են երկրի միայն որոշակի հատվածներում։ Սակայն դա մեզ չի կարող հանգստացնել։ Զիկայի դեպքեր դեռ կգրանցվեն մեզ մոտ՛՛, ասել է Օբաման։

Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սկոթը նույն օրն այցելել է Մայամիի Ուինուուդի համայնք, քանի որ հենց այստեղ էին գրանցվել մոծակների միջոցով տարածված հիվանդության դեպքերը։ Նրա խոսքերով, նահանգում վտանգ այլեւս չկա։

՝՝Մենք զբոսաշրջային նահանգ ենք։ Միայն այս տարի ակնկալում ենք 11Օ միլիոն զբոսաշրջիկ։ Մեր նահանգն անվտանգ է՛՛, ասել է նա ու ավելացրել, որ զիկայի վարակը կասեցված է 2.5 քառակուսի կմ տարածքում։

XS
SM
MD
LG