Մատչելի հղումներ

Ձերբակալվել է ՝՝Դաեշ՛՛-ին աջակցելու փորձերի մեջ մեղադրվող ամերիկացի առաջին իրավապահը


Ձերբակալվել է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի փոխադրամիջոցների բաժնի ոստիկաններից մեկը։ Նրա դեմ հարուցվել է ՝՝Իսլամական պետություն՛՛ ծայրահեղական խմբավորմանն աջակցություն տրամադրելու փորձերի մասին մեղադրանք։

Վաշինգտոնի մետրոյի ցանցի ոստիկանական բաժանմունքում աշխատանքային 13 տարվա փորձառությամբ Նիքոլաս Յանգին ձերբակալել են չորեքշաբթի օրը, որից անմիջապես հետո՝ տեղափոխել Վիրջինիա նահանգի դաշնային դատարաններից մեկը։

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն Յանգին հետեւել է դեռեւս 2Օ1Օ թվականից։ Ըստ ներկայացված փաստաթղթերի, 2Օ11 թվականին նա ճամփորդել է Լիբիա, իրավապահներին ասելով, թե համագործակցում է այդ երկրի ընդդիմության հետ՝ Մոամմար Քադաֆիին տապալելու համար։ 2Օ11 թվականից նրա հետ կապ են հաստատել ՀԴԲ-ի գաղտնի գործակալները, որոնց նա համարել է իր կողմնակիցներ։ Յանգը մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ոմն Ամին Էլ Խալիֆի հետ։ Դրանից հետո է վերջինս ձերբակալվել՝ Կապիտոլիումում մահապարտ գործողություն ծրագրելու մեղադրանքով։

2Օ14 թվականին Յանգի հետ կապ է հաստատել գաղտնի մի գործակալ՝ վստահեցնելով, թե ինքը մեկնում է Սիրիա՝ ՝՝Դաեշ՛՛ խմբավորմանը միանալու համար։ Յանգը սկսել է նվերների պլաստիկ քարթեր գնել ու փորձել դրանց կոդերը փոխանցել ՝՝Դաեշ՛՛-ին։

Սա առաջին դեպքն է, որ ԱՄՆ-ում ահաբեկչության մասին մեղադրանքներ են ներկայացվում այս երկրի իրավապահ մարմնի որեւէ աշխատակցի նկատմամբ։

Յանգը մետրոյի ոստիկանությունում է աշխատել 2ՕՕ3 թվականից։ Աշխատանքից հեռացվել է ձերբակալությունից անմիջապես հետո։

XS
SM
MD
LG