Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Օլիմպիական թիմի համազգեստը կրում է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դրոշների գույները


Դոպինգի կիրառման հետ կապված սկանդալի պատճառով Ռիոյի Օլիմպիական խաղերի ընթացքում Ռուսաստանն ունենալու է փոքր ներկայություն։ Սակայն Ռուսաստանի դրոշի գույները շատ ավելի հաճախ են երեւալու խաղերի ժամանակ, քան կարելի էր կանխատեսել։ Բանն այն է, որ ամերիկացի մարզիկների համազգեստները կրում են ԱՄՆ-ի դրոշի երեք գույները, այն նույն գույները, որոնք կրում է Ռուսաստանի պետական դրոշը։ Եթե ԱՄՆ-ի դրոշն ունի կարմիր ու սպիտակ գծեր ու կապույտ քաղակուսու վրա՝ սպիտակ 5Օ աստղ, ապա Ռուսաստանի դրոշը պարզապես երեք գույներով գծերն են, գույների համադրություն, որը նույնությամբ ընտրվել է ամերիկացի մարզիկների համազգեստների համար։ Եվ չնայած համազգեստի պատվերն իրականացրած “Ralph Lauren” ընկերությունը գտնում է, որ համազգեստն ունի ՝՝թարմ ու սպորտային՛՛ տրամադրություն, սոցիալական ցանցերում շատերն են ծաղրում ընկերության ընտրած գույների համադրությունը՝ մեկնաբանելով, որ այն հավանաբար հավանության է արժանացել Կրեմլի կողմից։ Ռիո դե Ժանեյրոյի Մարականայի մարզադաշտում բացման արարողության ժամանակ ԱՄՆ-ի թիմի համազգեստի միայն մի հատվածն է հստակ ասելու, որ այն Ամերիկայի թիմն է։ Խոսքը համազգեստի վրա գրված ՝՝ԱՄՆ՛՛ տառերն են, այն էլ, եթե մարզիկներին նայում եք մեջքից։

Սա առաջին անգամը չէ, որ “Ralph Lauren” ընկերությունն արժանանում է քննադատության։ Հիշենք 2Օ12 թվականի Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերը, երբ համազգեստի ապրանքանիշի վրա գրված էր ՝՝Պատրաստված է Չինաստանում՛՛, ինչի կապակցությամբ սենատորներից Հարրի Ռիիդն օրինակ ասել էր, թե այդ համազգեստները պետք է այրել։

Այս տարի ամերիկյան ընկերությունն ուղղել է այդ սխալը, եւ համազգեստները կարել ԱՄՆ-ում։ Սակայն գույները ու դրանց հերթականությունը, սոցիալական ցանցերում առկա մեկնաբանությունների համաձայն, կարծես ռուս հաքերների գործը լինի։ Ինչու՞ պիտի նման բացթողում լինի այն դեպքում, երբ միայն մեկ մարզիկի համազգեստն արժե 1 414 դոլար, հարց են տալիս շատերը։

Սակայն եկեք հիշենք, որ սպիտակ, կապույտ, կարմիր գույների հերթականությամբ դրոշ ունեն ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ Սլովակիան ու Սլովենիան։ Իսկ նույն գույների այլ համադրությամբ դրոշներ ունեն Խորվաթիան, Նիդերլանդները, Պարագվայը, Բոսնիա-Հերցեգովինան ու Սերբիան։

XS
SM
MD
LG