Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ՀԴԲ-ը Դեմոկրատական կուսակցությանը չի տեղեկացրել, որ կիբեր հարձակումների հետեւում կանգնած է Ռուսաստանը


ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) երկրի Դեմոկրատական կուսակցության համագումարի պատասխանատուներին չի տեղեկացրել Ռուսաստանի կառավարության կողմից հովանավորվող կիբեր հարձակումների մասին։ Բյուրոն չի նախազգուշացրել կուսակցության պաշտոնատար անձանց, որ համակարգչային հարձակման դեպքը հետաքննվում է որպես ռուսական լրտեսություն։ Այդ պատճառով Դեմոկրատական կուսակցության համագումարի կազմակերպիչները չեն ձեռնարկել գաղտնի էլեկտրոնային նամակագրության ծավալները կրճատելու համար համապատասխան քայլեր։

Դրա արդյունքում ռուս հաքերները ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավի ամենակարեւոր ժամանակաշրջանում շարունակել են մի քանի ամիս մուտք գործել կուսակցությանը պատկանող համակարգիչներ։

Մինչեւ հունիս ամիսը հաքերները մուտք են ունեցել նաեւ այն համակարգչային ցանցը, որը պատկանում է Դեմոկրատական կուսակցության քարոզարշավների հանձնաժողովին, հանձնաժողով, որի նպատակը դեմոկրատ թեկնածուների համար դրամահավաք իրականացնելն է։

Այս մասին՝՝Ռոյթըրս՛՛ լրատվական գործակալության կողմից հղված հարցը Հետաքննությունների դաշնային բյուրոյի խոսնակը չի մեկնաբանել։ Մեկնաբանությամբ հանդես չի եկել նաեւ Դեմոկրատական կուսակցության համագումարի ղեկավար կազմը։

Ինչպես ՝՝Ռոյթըրս՛՛-ն է տեղեկացնում, ՀԴԲ-ը Համագումարի հետ այս հարցով առաջին անգամ կապ է հաստատել անցյալ տարվա աշնանը՝ հանձնարարելով հետեւել, թե արդյոք համակարգչային ցանցում չի նկատվում անսովոր գործունեություն։ Համագումարի պատասխանատուներն ուսումնասիրել են նամակագրությունը, սակայն անսովոր ոչինչ չեն նկատել։ Սակայն, երբ Համագումարի պատասխանատուները ՀԴԲ-ին խնդրել են փոխանցել ավելի մանրամասն տեղեկություններ, ստացել են պատասխան այն մասին, որ ՀԴԲ-ը նման տեղեկություններ չի փոխանցում։ Հաջորդ ամիսների ընթացքում եւս Հետաքննությունների դաշնային բյուրոյի պաշտոնատար անձինք զրույցներ են ունեցել Համագումարի անձնակազմի հետ, սակայն երբեք չեն նշել կիբեր հարձակումներում Ռուսաստանի մասնակցության հանգամանքը։

Դեմոկրատական կուսակցության համագումարի պատասխանատուներից ՝՝հափշտակված՛՛ էլեկտրոնային նամակները հրապարակվեցին հուլիսի վերջին անցկացված համագումարի օրերին, երբ համագումարը նախագահական թեկնածու հաստատեց Հիլարի Քլինթոնին։

Նամակագրությունն ապացուցում է, որ Դեմոկրատական կուսակցության շարքերում եղել է կողմնակալ դիրքորոշում, երբ պայքարը գնում էր Հիլարի Քլինթոնի եւ Բերնի Սանդերսի միջեւ։

Համագումարը երեքշաբթի օրը հայտարարեց նամակագրության հետ կապված խնդրի պատճառով ավագ երեք պաշտոնյաների հրաժարականների մասին։ Նախորդ շաբաթ հրաժարական էր ներկայացրել Համագումարի նախագահ Դեբի Վասերման Շուլցը։

Քարոզարշավի խոսնակ Գլեն Քեփլինն ասել է, թե այժմ քայլեր են ձեռնարկվում ներքին տեղեկատվական ցանցը պաշտպանելու ուղղությամբ։

XS
SM
MD
LG