Երկուշաբթի օրը՝ Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթթը տեղեկացրել է, որ նահանգում զիկա վիրուսի բոլոր դեպքերը, բացի երկուսից գրանցվել են Մայամիին հարակից Ուայնվուդի տարածքում: Տեղի իշխանությունները փորձում են վիրուսի տարածումը վերահսկել և բնակիչներին տեղեկացված պահել սակայն նրանք դաշնային կառավարության օգնության կարիքն ունեն:
«Հիվանդությունների վերահսկման կենտրոնին խնդրել ենք, որպեսզի մեզ խումբ հատկացվի, որը կօգնի անհրաժեշտ տեղեկությունը հավաքելու և միջատների թիվը վերահսկելու գործում, ինչպես նաև լաբորատորիաների աշխատանքներում»,- ասել է Ռիք Սքոթթը:
Հիվանդությունների վերահսկման կենտրոնը, այն կանանց ովքեր վերջին ժամանակներս այցելել են Ուայնվուդի տարածք, խորհուրդ է տալիս ամենաքիչը 8 շաբաթ խուսափել հղիանալուց: Հղի կանանց խորհուրդ է տրվում խուսափել Ուայնվուդ այցելելուց, սակայն տարածքի բնակիչների դեպքում դեռևս հստակ ցուցումներ չկան:
«Ամեն օր տանից դուրս գալիս վարանում եմ, թե արդյո՞ք միջատներից պաշտպանվելու միջոցը ինձ կօգնի»,- ասում է Ուայնվուդի հղի բնակիչ Ռաիսա Մենդոզան:
Պետական մարմինները տեղի հղի բնակիչներին խրախուսում են հաճախակի հետազոտությունների հաճախել:
Ֆլորիդայի սենատոր Մարքո Ռուբիոն զգուշացրել է, որ վիրուսի վտանգը կարող է մեծ հարված հասցնել նահանգի տնտեսությանը:
«Զիկա վիրուսը Ֆլորիդայի համար միայն հասարակական առողջության խնդիր չէ, դա նաև տնտեսական խնդիր է: Զբոսաշրջությունը մեր առաջատար արդյունաբերություններից մեկն է և վիրուսը կարող է խոչնդոտել նահանգ այցելող մարդկանց»,- հայտարարել է սենատորը:
Պետական մարմինների խոսքերով խուճապի կարիք չկա, քանզի իրենք ձեռնարկում են բոլոր միջոցառումները զիկա վիրուսի տարածումը կանխելու համար: