Ամերիկացիներից շատերի համար մոծակը միայն ամառային անհանգստության պատճառ է։ Սակայն երկրի Ֆլորիդա նահանգում այն արդեն սկսել են դիտել որպես սպառնալիք՝ ընդդեմ առողջության։
Ինչպես նահանգապետ Ռիք Սկոթն է ասել, նահանգում արդեն չորս մարդ վարակվել է զիկա հիվանդությամբ։
՝՝Սա նշանակում է, որ Ֆլորիդան դարձել է ԱՄՆ-ում առաջին նահանգը, որտեղ վարակը տարածվել է մոծակների միջոցով՛՛։
Մարդիկ սկսել են անհանգստանալ նաեւ այլ նահանգներում, քանի որ տարվա հատկապես այս եղանակին, մոծակները տարածվում են մեծ արագությամբ։
Ֆլորիդայում հիվանդության տարածման փաստը հաստատում է այն, ինչ առողջապահության նախարարության պաշտոնյաները նախազգուշացնում էին ամիսներ առաջ։
Ինչպես ԱՄՆ-ի հիվանդությունների կանխարգելման կենտրոնի աշխատակիցներից Թոմ Ֆրիդմանն է ասում.
՝՝Արդեն տեղ-տեղ կարելի է ակնկալել մոծակների միջոցով զիկա հիվանդության տարածման դեպքեր՛՛։
Կոնգրեսում սկսել են լրջորեն վերաբերվել խնդրին։ Մի շարք կոնգրեսականներ են հայտարարում, որ հարկավոր է ժամանակ չկորցնել։
Սակայն հակառակ դրան, դեռեւս չի հաստատվել զիկայի դեմ պայքարի համար անհրաժեշտ որեւէ դրամական ծրագիր։ Սենատը նախապես համաձայնել էր հատկացնել 1 միլիարդ 1ՕՕ միլիոն դոլար, ինչպես նախատեսվում էր որոշման նախագծում, բայց ավելի ուշ դեմոկրատները կասեցրին դաշնային ծախսումների մասին բանաձեւը, հայտարերելով, թե հանրապետականները հարցը տանում են քաղաքական շահարկումների ճանապարհով։
Եվ խնդիրն այն է, որ հարցը կասեցվել է Կոնգրեսի յոթշաբաթյա արձակուրդից առաջ, ինչը նշանակում է, որ մեկ եւ կես ամիս հարցը լուծում չի ստանա։
Իսկ զիկան այս ընթացքում, ըստ մասնագետներից շատերի, կտարածվի Ֆլորիդայից դուրս։
Վարակիչ հիվանդությունների հարցերով փորձագետ Թոդ Փրայսն օրինակ ասում է, որ Ֆլորիդայի Մայամի քաղաքի կլիման շատ նման է Թեքսաս նահանգի Հյուսթըն քաղաքի կլիմային։
՝՝Մայամիում ու Հյուսթընում տարածված են միեւնույն մոծակները։ Ահա սա է, որ մեծապես անհանգստանցում է մեզ՛՛։
ԱՄՆ-ի օրենսդիրները խնդրին կվերադառնան արձակուրդից վերադառնալուց հետո՝ սեպտեմբեր ամսին։ Այս ընթացքում նահանգային կառավարությունները պետք է մոծակների տարածումը կանխեն ներկա հնարավորությունների սահմաններում։