Թուրքիայի հատուկ ուժերը որոնման մեջ գտնվող առնվազն 9 անձանց են ձերբակալել։ Իշխանությունները կասկածում են, որ նշված աձինք հուլիսի 15-ի զինված հեղաշրջման ձախողված փորձի ընթացքում մասնակցել են նախագահ Ռեջեփ Էրդողանին ձերբակալելու գործողությանը։ Դեռեւս փախուստի մեջ է Էրդողանին ձերբակալելու նպատակ ունեցող խմբի անդամներից մեկը։ Ձերբակալությունների մասին լուրը հաջորդեց Էրդողանի կողմից արտակարգ հրամանի արձակումից հետո, ըստ որի աշխատանքից հեռացվում են բանակի եւս 14ՕՕ անդամներ եւ ավելի է խստացվում բանակի վրա քաղաքացիական վերահսկողությունը։
Մարմարայի ափից 5Օ կմ հեռավորության վրա գտնվող անտառային հատվածում թաքնված անձանց ձերբակալությունն իրականացվել է անօդաչու թռչող սարքերի եւ ուղղաթիռների կողմից հետախուզական գործողությունների արդյունքում։
Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո սկսված ճնշամիջոցների արդյունքում աշխատանքից հեռացվել են, կալանավորվել ու հարցաքննության ենթարկվել տասնյակ հազարավոր զինծառայողներ, ոստիկանության աշխատակիցներ, դատավորներ, քաղաքացիական ծառայողներ ու մտավորականներ։
Կառավարությունը հեղաշրջման փորձի համար մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող հոգեւորական Ֆեթուլլահ Գյուլնեին, եւ պահանջում, որ Միացյալ Նահանգները նրան արտահանձնի Թուրքիային։ Գյուլենն՝ ինքը դատապարտել է հեղաշրջման փորձը ու հերքել իր մասնակցության մասին բոլոր մեղադրանքներն ու հայտարարությունները։