Մատչելի հղումներ

Հիլարի Քլինթոնն ու Դոնալդ Թրամփը մտան պայքարի վերջնական փուլ


ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու նշանակված Հիլարի Քլինթոնը հորդորեց ամերիկացիներին չտրվել վախի քաղաքականությանը, ու երդվեց ընտրվելու դեպքում համախմբել երկիրը։

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համագումարի ամենատոնական տրամադրությունը համագումարի վերջին օրն էր՝ հինգշաբթին։ Երկրի 42-րդ նախագահի դուստրը՝ Չելսին ներկայացրեց 45-րդ նախագահը դառնալու համար պայքարի ելած իր մորը։

՝՝Ես քվեարկելու եմ մի մարտիկի համար, որը երբեք ու երբեք չի հանձնվում եւ որը միշտ հավատում է, որ մենք միասնաբար միշտ էլ ավելին կարող ենք անել մեր համատեղ աշխատանքով՛՛, իր ելույթում ասաց Չելսին։

Ֆիլադելֆիայում, որը հայտնի է որպես Ամերիկայի հիմնադիր հայրերի քաղաք, Հիլարի Քլինթոնը հանդես եկավ որպես ԱՄՆ-ի պատմության համար մեկ այլ եզակի էջի հերոս՝ որպես նախագահի առաջին կին թեկնածու։

՝՝Եվ այսպես, իմ բարեկամնե՛ր, նվիրումով ու Ամերիկայի նկատմամբ անսահման վստահությամբ եմ ընդունում ինձ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու նշանակելու ձեր որոշումը՛՛, հայտարարեց նա։

Դոնալդ Թրամփի հետ սուր ու վերջնական պայքար սկսելուց առաջ, Քլինթոնը համագումարի ամբիոնը եւս մեկ անգամ օգտագործեց Թրամփի դեմ քաղաքական գրոհ կազմակերպելու նպատակով։

՝՝Պատկերացրեք նրան Օվալաձեւ սրահում՝ կանգնած իրական ինչ որ ճգնաժամի առջեւ։ Մարդը, որին կարող եք ծաղրել սոցիալական ցանցերով, այն մարդը չէ, որին կարող ենք վստահել միջուկային զենքերի հարցում՛՛, հայտարարեց Քլինթոնը՝ երդվելով նախագահ ընտրվելու դեպքում, կենտրոնանալ նոր աշխատատեղեր բացելու ու տնտեսությանը զարկ տալու խնդիրների վրա։ Նա երդվեց նաեւ, որ նոյեմբերյան ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում, մեծ աշխատանք է տանելու ժողովրդի միասնությունն ապահովելու համար։

Սակայն Դեմոկրատական կուսակցության համագումարի վրա սեւեռված ուշադրությունը չվրիպեց նաեւ Թրամփի վրայից, որը հայտարարում է, որ Ամերիկան չի կարող եւս չորս տարի շարունակել Օբամայի բռնած ուղին։ ՝՝Իսկ այդ ուղով մեզ փորձում է տանել անազնիվ Հիլարի Քլինթոնը՛՛, հայտարարեց Թրամփը։

Ինչեւէ, երկու կուսակցությունների համագումարներն ավարտվեցին ու Թրամփը եւ Քլինթոնը պաշտոնապես հաստատվեցին որպես նախագահի թեկնածուներ։ Հիմա ամբողջ ուշադրությունն արդեն նրանց վրա է, որոնք եկուսն էլ արժանանում են ընտրողներից շատերի բացասական վերաբերմունքին։

Ինչպես քաղաքական վերլուծաբան Գերալդ Սայբն է ասում.

՝՝Թեկնածուների միջեւ ընտրարշավը կարող է շատ տգեղ լինել, շատ տհաճ լինել։ Եվ պայքարը կարող է դառնալ ոչ թե այս կամ այն թեկնածուի օգտին, այլ՝ այս կամ այն թեկնածուի դեմ քվեարկելու քարոզարշավ՛՛։

XS
SM
MD
LG