Մատչելի հղումներ

Ռուսաստանի դերը ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում


Հանրապետականների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, Դեմոկրատների ազգային համագումարից հանրության ուշադրությունը շեղելով, հրապարակայնորեն դիմել է Ռուսաստանի օգնությանը Քլինթոնի էլեկտրոնային նամակների հարցում:

Հանրապետականների նախագահության թեկնածու Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը Ռուսաստանին դիմել է ԱՄՆ-ի նախագահի ընտրապայքարին միջամտելու ուղերձով: Ֆլորիդայում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ նա լրագրողներին ասել էր.

՛՛Ռուսաստան, եթե դու լսում ես, հուսով եմ կարող ես գտնել կորած 30,000 էլեկտրոնային նամակները: Դրանք երևի նրանց մոտ են: Ես կցանկանայի, որ դրանք հրապարակվեին՝՝:

Թրամփի ակնարկը վերաբերում էր Քլինթոնի պետքարտուղար եղած ժամանակահատվածի էլեկտրոնային նամակներին, որոնք հետաքննության պատճառ էին դարձել:

Վերջերս «Ուիքիլիքս» կայքը հրապարակել էր Դեմոկրատական ազգային կոմիտեի գաղտնի նամակագրությունը, ինչի հետևանքով կոմիտեի նախագահ Դեբբի Ուասսերման Շուլցը ստիպված էր լքել պաշտոնը: ԱՄՆ ի Հետաքննությունների դաշնային բյուրոն այժմ հետաքննում է, թե արդյո՞ք Ռուսաստանն է կանգնած այս նամակագրության տարածման հետևում:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարծիք է հայտնել, թե Ռուսաստանը կարող է փորձել միջամտել նախագահի ընտրությունների ընթացքին ասելով, թե Դոնալդ Թրամփը բազմիցս ակնհայտորեն հիացմունք է հայտնել Վլադիմիր Պուտինի հանդեպ:

Կրեմլը մեկնաբանել է այս ամենը որպես հակառուսական տրամադրությունների արտահայտում:

Դմիտրի Պեսկովը ասել է, թե դա այնքան անհեթեթ է, որ կատարյալ հիմարության է հասնում: Նրա խոսքերով, ամերիկացիներն իրենք պետք է գտնեն այս էլեկտրոնային նամակները և պարզեն դրանց պարունակությունը:

Թեև դեմոկրատներից շատերը հայտարարել են, որ Ռուսաստանին ուղղված Թրամփի խոսքերը անօրինական բնույթ ունեն, այնուամենայնիվ նրան պատասխանատվության ենթարկելու հավանականությունը աննշան է, ԱՄՆ-ում խոսքի ազատության օրենքի պատճառով:

XS
SM
MD
LG