Մատչելի հղումներ

Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձից հետո ու նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից իրականացվող ձերբակալությունների արդյունքում առաջ է եկել մի պատկեր, որը խոսում է այս երկրում աշխարհիկ հասարակության անկման ու մահմեդական համակարգի ամրապնդման մասին։

Նախագահ Էրդողանն այսօր իրականացնում է համատարած ձերբակալություններ ու ավելի մեծ իշխանության լծակներ ստանձնում։

Ընդդիմությունից նախկին պատգամավոր Մելդա Օնուրի խոսքերով, նրանք, ովքեր հեղաշրջման օրերին կանգնեցին հրասայլերի առջեւ, այդ հրասայլերի առաջընթացը կասեցնելու համար, կկասեցնեն նաեւ Թուրքիան իսլամացնելու ջանքերը։
՝՝Կարծում եմ՛՛, ասում է նա, ՝՝մի կողմից իրականացվում է իսլամիստ արմատականության մաքրազտում, բայց մյուս կողմից տեղ չի տրվում աշխարհիկ ժողովրդավարական հանրապետություն կառուցելու կողմնակիցներին։ Ու հիմա մենք չենք հասկանում, սա իսլամիստների մաքրազտում է, թե իրենց աթոռները պահելու քաղաքականություն՛՛։


Օնուրի խոսքերով, աշխարհիկ սկզբունքները թույլ արմատներ չունեն Թուրքիայում։ Նա հավատում է, որ Արեւելքում՝ մահմեդական աշխարհի եւ Արեւմուտքում՝ Եվրոպայի միջեւ Թուրքիայի դիրքը այն բանի երաշխիքն է, որ այս երկիրը երբեք չի վերածվի իսլամիստական պետության։

Սակայն նախագահ Էրդողանը հայտարարում է, թե Թուրքիան պիտի դաստիարակի ՝՝կրոնական սերունդ՛՛, եւ շարունակում է երկրի ամբողջ տարածքում մզկիթներ կառուցելու ջանքերը։

Հիլալ Քափլանը, որը հեղաշրջման ձախողված փորձի ժամանակ Բոսֆորի կամրջի վրա կանգնել էր հրասայլերի առաջ, ասում է, թե այս կամուրջն այլեւս նույնը չի լինելու իր համար։

Էրդողանին աջակից թերթերից մեկի հայտնի լրագրող Հիլալն իրեն ավելի ազատ է զգում այսօր, քանի որ, իր խոսքերով, մի քանի տարի առաջ գլխաշոր կրող կանայք չունեին պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունք։ Նրա կարծիքով պետական հաստատություններում ու խորհրդարանում կանանց ներկայությո՛ւնն է ամրապնդում աշխարհիկ սկզբունքները, եթե նույնիսկ այդ կանայք մահմեդական գլխաշորով են։

Այնպես, ինչպես Բոսֆորի նեղուցն է բաժանում Եվրոպան Ասիայից, այնպես էլ Թուրքիայի հասարակությունն է բաժանված Արեւելքի ու Արեւմուտքի արժեքների միջեւ։ Եթե Բոսֆորի վրա կա ամուր կամուրջ, հասարակության միջեւ առկա կամուրջը շատ երերուն է։

XS
SM
MD
LG