Մատչելի հղումներ

Հարկավոր է ԱՄՆ-ը պաշտպանել կիբերհարձակումներից. ԱՄՆ-ի կոնգրեսական Ջիմ Քոսթա


Այսօր ԱՄՆ-ում մեծ աղմուկ են բարձրացրել դեմոկրատական կուսակցության պաշտոնյաների կողմից ուղարկված էլեկտրոնային այն նամակները, որոնք 2Օ15 թվականի հունվարից մինչեւ 2Օ16 թվականի մայիս ամիսը երկրի դեմոկրատական կուսակցության ղեկավար անձանց հորդորել ու քաջալերել են աջակցել Հիլարի Քլինթընին՝ ընդդեմ Բերնի Սանդերսի։ Այս մասին ժամանակին բողոքում էին Սանդերսի աջակիցները, բողոքում, որ կուսակցությունն աշխատում է ընդդեմ իրենց թեկնածուի։ "Ուիքիլիքս"-ի կողմից հրապարակված էլեկտրոնային 2Օ հազար նամակներից շատերը հենց դա են վկայում։ Ու չնայած դեռեւս չկա բավարար ապացույց, թե որտեղից են ուղարկվել այդ նամակները, Հիլարի Քլինթընի ընտրարշավի կազմակերպիչ Ռոբի Մուքն ասել է, թե ինքը հավատացած է, որ դրանց կազմակերպման մեջ կարեւոր դեր են ունեցել ռուսները։

Սակայն անկախ այն հանգամանքից, թե ով է կազմակերպել դրանց հրապարակումը, նամակների առկայության փաստն արդեն իսկ մեծ հարված է Դեմոկրատական կուսակցությանը՝ իր համագումարի նախօրեին։ Չէ որ ասում են Քլինթընի քննադատները, կարեւորն այն չէ, թե որտեղից են հայտնվել էլեկտրոնային նամակները, կարեւորն այն է, որ դրանք "Ուիքիլիքս"-ը ոչ թե գրել է, այլ` հրապարակել արդեն գրված նամակները։

Այս ամենի արդյունքում արդեն երեւում են առաջին ազդեցությունները։ Դեմոկրատական կուսակցության համագումարի նախագահ Ուոսերման Շուլցը որոշել է չմասնակցել երկուշաբթի օրվա համագումարին։

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն երկուշաբթի օրը հրապարակել է հայտարարություն, ըստ որի սկսել է նամակների հարցով հետաքննություն։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի կոնգրեսական Ջիմ Քոսթան ասում է, թե հիմա կարեւորը ՀԴԲի հետաքննությունն է, որն արդեն սկսված է։ Սակայն ասում է նա, "կարեւորը ԱՄՆ-ի կիբերտարածքի անվտանգությունն է, երբ նման հարձակումներ են գրանցվում ամեն օր Իրանից, Ռուսաստանից, Հյուսիսային Կորեայից, Չինաստանից ու ահաբեկչական տարբեր խմբավորումներից։ Երկրի տնտեսական ու բոլոր տեսակի անվտանգության համար, այսօր մեծ սպառնալիք են կիրբերհարձակումները։ Սրանից է, որ պետք է պաշտպանվել", ասում է նա։

Այս ընթացքում հարցումների համաձայն, հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփն ավելի է ամրապնդում իր դիրքերը ու մի քանի տոկոսով գերազանցում է Քլինթընին աջակցողների թվին։

XS
SM
MD
LG