Մատչելի հղումներ

Թրամփի խոստումներն ու ծրագիրը


Քլիվլենդում անցած Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցության համագումարի հիմնական իրադարձությունն էր հանրապետականների կողմից նախագահի թեկնածու առաջադրված Դոնալդ Թրամփի ծրագրային ելույթը։ Իր ելույթում, որի ընթերցումը 70-ամյա Թրամփն ավարտեց կեսգիշերին, թեկնածուն ներկայացրել էր 10 կետից բաղկացած ծրագիր։ Ելույթը զգալի տարբերվում էր ավանդական լավատեսական մոտեցումների վրա հիմնված ծրագրային ելույթներից։

Արտաքին քաղաքականությանը վերաբերող Թրամփի հայտարարությունը, թե Ամերիկան այլեւս չպետք է հոգ տանի իր դաշնակիցների մասին եթե դրանք չեն կատարում իրենց պարտավորությունները անհանգստացրել էր ՆԱՏՕ-ի մի շարք անդամ պետություններին։ Միեւնույն ժամանակ, Թրամփն ավելի կոշտ քաղաքականություն է ցանկանում վարել Իրանի եւ Չինաստանի նկատմամբ։ Հիմնականում, վերլուշաբանների խոսքով, արտաքին ոլորտի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը հետեւյալն էր․բավական է անհանգստանալ ամբողջ աշխարհի մասին, ժամանակն է կենտրոնանալ սեփական խնդիրների վրա․

«Իմ հիմնական հոգը տանելու եմ ծանր վիճակում գտնվող հենց մեր սեփական քաղաքացիների մասին»։

Երկրի հիմնական ներքին խնդիրը Դոնալդ Թրամփի կարծիքով ապօրինի ներգաղթն է, որը, համոզված է հանրապետական թեկնածուն, Միացյալ Նահանգների համար ավելի լուրջ վտանգ է ներկայացնում քան ահաբեկչությունը․

«Տասնամյակներ շարունակվող ապօրինի ներգաղթի արդյունքն է ցածր աշխատավարձերն ու բարձր գործազրկությունը Ամերիկայի քաղաքացիների թվում»։

Մյուս խնդիրն է օրենքի գերակայությունը եւ օրինախախտների դեմ պայքարը, որը հատուկ նշանակություն է ստացել Միացյալ Նահանգներում ոստիկանների սպանություններից հետո․

«2017 թվականի հունվարի 20-ին, երբ ես կստանձնեմ նախագահությունը, ամերիկացիները նոր երկրում են արթնանալու, մի երկրում, ոչտեղ Միացյալ Նահանգների օրենքները պարտադիր են»։

Տնտեսական ոլորտում Թրամփն ամերիկացիներին լուրջ առաջընթաց է խոստանում, հղում անելով սեփական հմտություններին․

«Գործարարության ոլորտում ես միլիարդավոր դոլարներ եմ վաստակել։ Այժմ ես նախատեսում եմ մեր երկիրը կրկին հարուստ դարձնել»։

Իր ելույթը Թրամփն ուղղեց Միացյալ Նահանգներում ներկայիս իրավիճակից դժգոհ ցածր ու միջին եկամուտ ունեցող մարդկանց, որոնցից շատերն ավանդաբար քվեարկում են դեմոկրատների օգտին․

«Ես եմ ձեր ձայնը։ Իր երեխայի համար անհանգիստ յուրաքանչյուր ծնողի եւ իր ապագայի համար անհանգստացող յուրաքանչյուր երիտասարդի ես ասում եմ․ես ձեզ հետ եմ, ես կպայքարեմ ձեր շահերի համար եւ ես ձեզ համար հաղթանակ կտանեմ»։

Բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով, Քլիվլենդում անցած հանրապետականների համագումարը, որը զգալի տարբերվում էր հանրապետականների ավանդական համագումարներից, ուներ թե դրական հետեւանքներ, քաղաքականություն վերադարձնելով նորարարությունն ու անսպասելիությունը, եւ թե բացասական։ Մասնավորապես, Թրամփին չհաջողվեց օգտագորշել հնարավորությունն իր կողմը գրավելու համար չկողմնորոշված բազմաթիվ ընտրողների։ Իր ելույթը Դոնալդ Թրամփն ավարտեց խոստումներով․

«Ես խոստանում եմ․մենք Ամերիկան կրկին ուժեղ կդարձնենք, մենք Ամերիկան կրկին հպարտ կդարձնենք, մենք Ամերիկան կրկին ապահով կդարձնենք, եւ մենք Ամերիկան կրկին հզոր կդարձնենք։ Աստված ձեզ օրհնի, բարի գիշեր»։

XS
SM
MD
LG