Անցած ուրբաթ օրը սկսված հեղաշրջման անհաջող փորձից ի վեր Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 1Օ հազար մարդ, որոնցից վեց հազարը՝ բանակայիններ, նրանցից 99-ը՝ բարձրաստիճան հրամանատարներ։ Նույն այս ժամանակահատվածում աշխատանքից ազատվել կամ վաղաժամ պաշտոնաթող է եղել մոտավորապես 5Օ հազար մարդ, այդ թվում՝ դատավորներ, համալսարանների դասախոսներ եւ ուսուցիչներ, փակվել է ավելի քան 6ՕՕ դպրոց։ 34 լրագրողի զրկել են իրենց հավատարմագրերից։
Իր ընդդիմադիրներին ծնկի բերելու մի նոր քայլ է կատարում նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Թուրքիայում հայտարարելով արտակարգ իրադրություն։
՝՝Եռամսյա արտակարգ իրադրությունը մեզ հարկավոր է ահաբեկչության սպառնալիքը հնարավորինս շուտ վերացնելու համար՛՛, հայտարարեց Էրդողանը՝ փորձելով վստահեցնել, որ այն ուղղված չէ ընդդեմ ժողովրդավարության եւ ազատությունների։
Թուրքիայում կան մարդիկ, ովքեր գտնում են, որ անկախ նրանից, թե իրենք աջակցում են Էրդողանի կառավարությանն ու կուսակցությանը, թե՝ոչ, արտակարգ իրադրությունը ճիշտ լուծում է։
Սակայն նկատելի մեծ է նրանց թիվն, ովքեր ասում են, թե. ՝՝Առանց այն էլ ազատություններից զրկված երկրում իրադրությունն այսպիսով ավելի է վատթարանալու։ Այսուհետ կունենանք ավելի փոքր ազատություն ու մեզ վրա՝ ավելի մեծ վերահսկողություն՛՛։
Արտակարգ իրադրությունն Էրդողանին փաստորեն տալիս է արդեն իսկ սկսված ճնշամիջոցներն ավելի ուժգնացնելու հնարավորություն, հատկապես ուղղված ընդդեմ նրանց, ում Էրդողանը համարում է Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ղեկավարվող կրոնական շարժման աջակից։ Էրդողանը պահանջում է, որ ԱՄՆ-ը արտահանձնի այստեղ բնակվող Գյուլենին։ Չնայած ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին ասել է, թե դրա համար հարկավոր են Գյուլենի կողմից հեղաշրջման փորձը կազմակերպվելու մասին փաստեր, դեռեւս պարզ չէ, թե արդյոք Էրդողանը կհասնի իր ամենամեծ ընդդիմադիրին վերցնելու իր ամենամեծ նպատակին։
Արտակարգ իրադրությունն Էրդողանին ու նրա կառավարությանը տալիս է, խորհրդարանը շրջանցելով, իրենց օրենքներն ընդունելու հնարավորություն։ Այս ընթացքում սահմանադրական դատարանը զրկվում է դրանք հարցականի տակ դնելու իրավունքից։ Այս ընթացքում սահմանափակումներ կդրվեն մամուլի միջոցների վրա, ինչն արդեն իսկ կար, հավանաբար կձերբակալվեն ավելի մեծաթիվ մարդիկ։
Էրդողանն իր այս քայլն արդարացնում է այն փաստով, որ նոյեմբեր ամսի ահաբեկչական հարձակումից ի վեր արտակարգ իրադրություն է հաստատված նաեւ Ֆրանսիայում։ Իսկ նրանց, ովքեր, Ֆրանսիայի արտգործնախարարի նման, դեմ են արտահայտվում Էրդողանի այս քայլին, վերջինս պատասխանում է բառացիորեն հետեւյալը. ՝՝Գնացեք ձեր գործին՛՛։
Եվ փաստն այն է, ասում են մեծաթիվ փորձագետներ, որ 1946 թվականին Թուրքիայում անցկացված ժողովրդավարական առաջին ընտրություններից ի վեր այս երկրի նախագահն իր ձեռքերում է կուտակում իշխանության եւ ուժի աննախադեպ լծակներ։