Մատչելի հղումներ

Հայ համայնքի ուղերձը Քլիվլենդում հավաքված ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության վերնախավին


"Արդարությունն ազգային շահերից վեր է. շնորհակալություն Գերմանիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար": Այս բառերին են հանդիպում Քլիվլենդում անցնող Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցության համագումարի տասնյակ հազարավոր մասնակիցներ: Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման անհրաժեշտության մասին հիշեցնող վահանակները տեղադրվել են Քլիվլենդի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների նախաձեռնությամբ:

Ամերիկայի հայկական համագումարի Օհայոյի ներկայացուցիչ Արա Բաղդասարյանը, ով վահանակների տեղադրման նախաձեռնողներից մեկն է, նշում է որ Քլիվլենդում հավաքված ազդեցիկ գործիչներին Հայոց ցեղասպանության մասին հիշեցումն իր որպես հայի բարոյական պարտքն է համարում.

"Կարծում եմ, բոլորիս զգացմունքը նույնն է, մեր պապերի ու տատերի հոգիների հանգստության համար այդ փաստը պետք է պաշտոնապես ճանաչվի եւ դատապարտվի":

Այլ վահանակներում մեջբերված են Միացյալ Նահանգների հանրապետական նախագահ Ռոնալդ Ռեյգանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող խոսքերը: Հիշեցնենք, Ռեյգանը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում բացահայտ ճանաչել էր Հայոց ցեղասպանության փաստը:

Բուն համագումարին հակառակ նախատեսվածի երկու անսպասելի իրադարձություն տեղի ունեցավ: Առաջինի հեղինակն էր կուսակցության ներսում Թրամփի հիմնական մրցակից սենատոր Թեդ Քրուզը, ով համագումարին հատուկ ելույթի իրավունք էր հայցել: Ելույթի ընթացքում սակայն, հակառակ սպասումների, Քրուզը հրաժարվեց աջակցել Դոնալդ Թրամփին, ինչով, վերլուծաբանների կարծիքով, թուլացրեց Թրամփի՝ առջեւում սպասվող նախագահական պայքարում հաղթելու հնարավորությունը: Արդյունքում, Թրամփի կողմնակիցներից բաղկացած համագումարի մեծամասնությունը, որը Քրուզին սկզբում ծափահարություններով էր ողջունում, ելույթի վերջում ուղղակի սուլում էր:

Արա Բաղդասարյանը, ով նույնպես հանրապետականներին է աջակցում, նշում է որ հանրապետականներից շատերը ոչ այնքան Թրամփին են աջակցում, որքան փորձում են կանխել Հիլարի Քլինթոնի հաղթանակը.

"Մարդիկ կարող են ասել, որ Թրամփի կողմնակիցներն են, սակայն իրականում շատերի համար դա Քլինթոնին ընդդիմանալու միջոց է":

Ինչ վերաբերում է անձամբ Բաղդասարյանին, ապա պատասխանը հետեւյալն էր.

"Ես հայամետ եմ: Իրականում, իմ թեկնածուն Օհայոյի նահանգապետ Քեյզիքն էր, որի հետ ես կուսում եմ բարոյական արժեքներ: Իսկ այս դեպքում, ես դեռ որոշում չեմ կայացրել, թե ձայնս ում եմ տալու":

Ինքը Թրամփը մյուս իրադարձության հեղինակը դարձավ՝ համագումարին ժամանելով անձնական ուղղաթիռով, ինչը, որոշ վերլուծաբանների կարծիքով, հարստության անտեղի ցուցադրություն էր: Ժամանելուն պես Թրամփին ողջունեց նրա կողմից փոխնախագահի պաշտոնին առաջադրված Ինդիանայի նահանգապետ Մայք Փենսը:

Հինգշաբթի երեկոյան, համագումարի վերջին օրը Դոնալդ Թրամփը հանդես է գալու ծրագրային ելույթով, որում փորձագետներն ակնկալում են տեսնել իր նախագահական ծրագրի հիմնական գաղափարները:

XS
SM
MD
LG