Մատչելի հղումներ

Օլիմպիական կոմիտեն Ռուսաստանի մասին որոշում կկայացնի մինչեւ կիրակի


Միջազգային օլիմպիական կոմիտեն հետաձգել է եկող ամիս Բրազիլիայի Օլիմպիական խաղերից Ռուսաստանի մարզական թիմին զրկելու մասին որոշումը։

Մեկ օր անց այն բանից հետո, երբ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը հրապարակեց զեկույց, որի համաձայն, Սոչիի 2Օ14 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում ռուսաստանցի մարզիկները կիրառել էին խթանիչներ՝ դոպինգ, Կոմիտեի գործադիր խորհուրդը Շվեյցարիայում անցկացրեց արտակարգ հանդիպում։

Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնատար անձինք խոստանում են ամենախիստ պատժամիջոցներ, իրենց խոսքերով՝ սպորտի միասնականության նկատմամբ աննախադեպ ոտնահարումների դեմ։

Ինչպես Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն է ասել, կոմիտեն որեւէ հավատարմագիր չի շնորհի զեկույցում տեղ գտած որեւէ մարզիկի։ Նրա խոսքերով, Կոմիտեն նոր հետազոտություններ է անցկացնելու ռուս մարզիկների շրջանում, որից հետո է դիմելու անհրաժեշտ գործողությունների։

Միջազգային օլիմպիական կոմիտեն նաեւ հետեւելու է մարզական այն խոշոր միջոցառումներին, որոնք ծրագրված է անցկացնել Ռուսաստանում։

՝՝Մենք՛՛, ասում է Թոմաս Բախը, ՝՝նաեւ խնդրել ենք Ձմեռային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիային սառեցնել Ռուսաստանում այս ձմռան ընթացքում նախատեսված խոշոր միջոցառումների, այդ թվում՝ աշխարհի մրցաշարերի կամ աշխարհի գավաթների մրցապայքարների նախապատրաստական աշխատանքները՛՛։

Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն իհարկե հանդես է գալիս Համաշխարհային հակադոպինգային գործակալության դեմ մեղադրական հայտարարությամբ։

Նրա խոսքերով, գործակալությունը կանոններ է թելադրում ու շարունակ ընդարձակում իր ցուցակը, արգելված դեղերի ցուցակների մեջ ավելացնում անվերջ թվով դեղամիջոցներ։ ՝՝Գործակալությունը՛՛, ասում է նա, ՝՝չի հոգում ո՛չ մարզիկների, եւ ո՛չ էլ նրանց առողջության համար, ինչի արդյունքում վերածվում է պատժիչ կազմակերպության՛՛։

Ռուսաստանի պաշտոնատար անձինք հերքում են խթանիչներ կիրառելու հանգամանքը պետության կողմից հովանավորվելու մասին մեղադրանքները։ Ինչպես վերլուծաբան Ջեֆրի Մանկոֆն է նշում ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հետ հարցազրույցում, ռուս պաշտոնատար մեծաթիվ անձինք են ասում, որ ներկայացված զեկույցն Արեւմուտքի կողմից մի փորձ է՝ կասկածի տակ առնելու համար Ռուսաստանի հաջողությունները։

Նրա խոսքերով, մամուլի վրա պետական ուժեղ վերահսկողության պայմաններում, Ռուսաստանի իշխանությունները կշարունակեն այս հարցը ներկայացնել միայն իրենց տեսանկյունից, այս ընթացքում մի քանի մարզիկների մասնակցությունը պարզապես զոհաբերելու գնով։

Ինչ վերաբերում է խթանիչներ չօգտագործած ռուս մարզիկներին, ապա նրանք դատապարտում են մարզական ամբողջ թիմին պատժելու կոմիտեի քայլը։ Ինչո՞ւ պիտի թիմի հետ պատժվեն նաեւ նրանք, ովքեր չեն կիրառել խթանիչներ, բողոքում են նրանք։

Ռուսաստանի ամբող թիմին զրկելու կամ մասնակցության իրավունք տալու մասին որոշում կկայացվի մինչեւ եկող կիրակի։

XS
SM
MD
LG