Մատչելի հղումներ

Էրդողանը կարող է իրադրությունն օգտագործել՝ իր լծակներն ամրացնելու համար


Թուրքիայի իշխանությունները շարունակում են ուրբաթ օրվա ձախողված ռազմական հեղաշրջման մեջ կասկածյալ անձանց ձերբակալությունները։ Արդեն ավելի քան 9 հազար մարդ է ձերբակալվել, որոնց մեծ մասը՝ զինված ուժերի ներկայացուցիչներ, 1Օ3-ը՝ գեներալներ ու ծովակալներ։ Մեծ է դատական համակարգի պաշտոնյաների թիվը, որոնցից 3 հազարը՝ դատավորներ։ Իրենց պաշտոններից ազատվել են ոստիկանության հազարավոր աշխատակիցներ։

Ուրբաթ օրը Թուրքիայում իրականացված ձախողված հեղաշրջումից հետո իրադրությունը շարունակում է մնալ լարված Ստամբուլում ու մի շարք այլ քաղաքներում, որտեղ երբեմն գրանցվում են ցաքուցրիվ բախումներ։

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հույս է հայտնել, որ նախագահ Ռեջեփ Էրդողանը հեղաշրջման ձախողված փորձը չի օգտագործի իշխանության հավելյալ լծակներ վերցնելու ու ժողովրդավարության դեմ ճնշումներ բանեցնելու համար։

Ինչպես ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչ Քուրթ Վոլքերն է ասում ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին. ՝՝Մինչեւ հեղաշրջման ձախողված փորձը Էրդողանն արդեն իրականացնում էր հակաժողովրդավարական քայլեր։ Այսօր՛՛, ասում է նա, ՝՝հեղաշրջման փորձն Էրդողանը կարող է օգտագործել հասարակության նկատմամբ ավելի մեծ ճնշումներ բանեցնելու հարցում որպես արդարացում՛՛։

Էրդողանի ու նրա կառավարության ուշադրությունն այժմ սեւեռված է մահմեդական հոգեւորական Ֆեթուլլահ Գյուլենի վրա։ ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող Գյուլենը, որը ժամանակին եղել է Էրդողանի ջերմ աջակիցը, այսօր նրա ամենասուր քննադատներից է։ Ու քանի որ թուրքերից շատերն են աջակցում Գյուլենին, Էրդողանն իր առջեւ վաղուց էր դրել Գյուլենից ազատվելու նպատակ եւ ամեն կերպ փորձում է հեղաշրջման փորձի պատասխանատվությունը դնել հենց Գյուլենի վրա։

՝՝Միացյալ Նահանգնե՛ր, դու պետք է արտահանձնես այդ անձնավորությանը ՛՛, բացականչում էր Էրդողանը Ստամբուլում իր բազմահազար աջակիցների առջեւ։ ՝՝Պարոն նախագահ, ես անձամբ եմ ձեզ ասել, կամ արտաքսեք, կամ էլ հանձնեք ԱՄՆ-ում 16Օ հա տարածք զբաղեցնող այդ անձնավորությանը՛՛, հայտարարում էր Էրդողանը՝ իր խոսքն ուղղելով Բարաք Օբամային։

Գյուլենին Թուրքիա արտաքսելու Էրդողանի հորդորներին ԱՄՆ-ի արտգործնախարար Քերրին տվել է հետեւյալ պատասխանը, թե Վաշինգտոնն այդ հարցը կքննարկի, եթե ներկայացված մեղադրանքների շուրջ ստանա փաստեր։

Ասենք, որ ինքը՝ Գյուլենը հերքում է Էրոդողանի մեղադրանքները, հարց տալով, թե արդյոք հնարավոր էր օվկիանոսի հակառակ կողմից կազմակերպել հեղաշրջում։

“American Enterprise Institute” հաստատության վերլուծաբան Մայքըլ Ռուբինը, հաշվի առնելով նաեւ Էրդողանի այս կեցվածքը, ասում է, թե իրական հեղաշրջումը դեռ նոր է սկսվում, եւ որ բանակում ու դատական համակարգում Էրդողանն այսօր այնքան մաքրազտումներ կանի, որ կզարմացնի նույնիսկ Վլադիմիր Պուտինին։

Թուրք-ամերիկյան հարաբերությունները, նրա խոսքերով, շարունակվում են Թուրքիայում հակաամերիկյան տրամադրությունների ներքո, երբ այդ տրամադրությունները շատ հաճախ խրախուսվում են հենց Անկարայի կողմից։

՝՝Սակայն, ընդունելով հանդերձ, որ Թուրքիան խեղաթյուրված դաշնակից է, ԱՄՆ-ը ամեն ինչ անում է այս երկրի հետ հարաբերությունները պահպանելու ուղղությամբ՛՛, ասում է Մայքըլ Ռուբինը։

Թուրքիայի իշխանությունների ներկա կեցվածքը մտահոգում է նաեւ ՆԱՏՕ-ին, որի պաշտոնատար անձինք ասում են, թե իրադարձությունների զարգացմանը հետեւելու են ուշադրությամբ։ ՝՝Թուրքիան կարող է հակադրության մեջ մտնել ՆԱՏՕ-ի հետ, եթե չպահպանի կարգ ու կանոնը՛՛, հայտարարել է ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարը։ ՆԱՏՕ-ի ղեկավարներն էլ շեշտել են ու հիշեցրել, որ բազմակարծության հանդուրժողականությունը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների համար հինգ ամենակարեւոր պահանջներից մեկն է։

Բայց փոքր չէ այն փորձագետների թիվը, որոնց կարծիքով նախագահ Էրդողանը, մի կողմ դնելով ամեն ինչ, կանի անի ամեն ինչ, այս իրադրությունից շահելու համար։ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան, որն այժմ Թուրքիայում բիզնեսի հարցերով խորհրդական է, ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին ասում է, թե Էրդողանն այս իրադրությունն օգտագործելու է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար, որ որպես նախագահ, դառնա քաղաքական ամենակարեւոր դեմքը երկրում։ Իսկ դրա համար, ասում է նա, Էրդողանն այսօր ունի ջախջախիչ մեծամասնությամբ աջակիցներ, հատկապես, երբ ձախողված հեղաշրջման օրերին նրան աջակցություն հայտնեց նաե ընդդիմությունը։

Գործը հասել է նրան, որ Էրդողանն առաջարկում է վերահաստատել մահապատիժներն իր երկրում։

Իսկ եթե նման բան կատարվի, ինչպես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի խոսնակն է ասել, կդադարեցվեն Եվրոպական Միությանն անդամակցելու հարցով Թուրքիայի հետ անցկացվող բոլոր բանակցությունները։

XS
SM
MD
LG