Վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ի գրեթե բոլոր ռասայական խմբերի ներկայացուցիչները դուրս էին եկել ցույցերի: Չիկագոյի ցուցարար Էդդի Ուիլլիսը արտահայտում է շատ աֆրիկյան ծագում ունեցող ամերիկացիների զգացմունքները:
«Սևամորթները արդար վերաբերմունքի չեն արժանանում: Եղել ենք ստրուկներ: Մեզ մեկուսացնում էին ընդհամենը 50 տարի առաջ: Մենք միայն ընտրելու իրավունք ենք ստացել: Ունենք սևամորթ նախագահ, սակայն դա բավարար չէ: Բազմաթիվ փոփոխությունների կարիք կա»:
Ցուցարար Ջիլլի նման, որոշ ամերիկացիների կարծիքով օրենքը ճնշում է մարդկանց:
«Սա մի մեխանիզմ է, որը միայն նպաստում է իշխանության շահերին: Դա մարդկայնության տեսանկյուն առհասարակ չունի»:
Սակայն Դալասի ոստիկանապետ Դեյվիդ Բրաունի խոսքերով, իրավապահների աշխատանքը այժմ ավելի վտանգավոր է քան երբևէ:
«Այս երկրում մենք ոստիկանների հանդեպ չափազանց մեծ պահանջներ ունենք: Ցանկացած հասարակական ձախողում լուծելու խնդիրը դրված է ոստիկանների ուսերին: Հոգեկան առողջության և թմրանյութերից կախվածության համար բավարար ֆինանսավորման պակասի, անտուն շների շատանալու, դպրոցականների ձախողման և այլ իրավիճակներ դեպքում խնդրի լուծումը թողնում են ոստիկաններին»:
Նախագահ Օբամայի կարծիքով նույնպես հասարակությունը չափազանց մեծ բեռ է դնում ոստիկանների ուսերին և հրաժարվում պատասխանատվություն կրել իրենց իսկ գործողությունների համար:
«Աշխարհին արձագանքելու եղանակի ընտրությունը մերն է: Մենք ենք որոշում միմյանց ինչպես վերաբերվել»:
Զանգվածային բողոքի ցույցերը վկայում են տիրող հասարակական դժգոհության մասին: Դատելով վերջին իրադարձություններից, դա մեծ խնդիր է, որը լուծելու համար երկար ժամանակ կպահանջվի: