Մատչելի հղումներ

Օբաման մեկնում է Դալաս՝ հասարակությունը միավորելու


Երեքշաբթի նախագահ Օբաման Դալաս է այցելելու, որտեղ նախորդ շաբաթ ոստիկանական բռնությունների դեմ բողոքող խաղաղ ցույցի ընթացքում նախկին զինվորական Միկա Հավյեր Ջոնսոնը հինգ ոստիկան էր սպանել: Հանցագործի տանը պայթուցիկ պատրաստելու նյութեր եւ ծրագրավորվող սպանությունների մասին գրառումներ էին գտել։ Վերջինս միանշանակ նախատեսում էր շարունակել սպանդը, պատմում է Դալասի ոստիկանապետ Դեյվիդ Բրաունը.

«Նա ծաղրում էր մեզ, հարցնում, թե մեզանից քանիսին է իրեն հաջողվել սպանել»:

Դալասում Օբամայի առջեւ բարդ խնդիր է դրված՝ բացառել նման հանցանքների կրկնություն։

«Ոստիկանների դեմ ցանկացած բռնություն հանցանք է, որը պետք է պատժվի»:

Նախագահին նաեւ անհրաժեշտ է հանդարտեցնել ցուցարարներին, ովքեր բողոքում են, որ ոստիկանները բռնություն են կիրառում սեւամորթների նկատմամբ: Խնդրին անդրադարձել են նաեւ Միացյալ Նահանգների նախագահության թեկնածուները: Դեմոկրատ Հիլարի Քլինթոնը դիմել է երկու կողմերին.

«Սպիտակամորթ ամերիկացիները պետք է ավելի ուշադիր լսեն, երբ սեւամորթ ամերիկացիները խոսում են իրենց առջեւ ծառացող տեսանելի եւ անտեսանելի խնդիրների մասին»:

Հանրապետական Դոնալդ Թրամփն ավելի խիստ էր.

«Մենք պետք է կանգնենք օրինապահների կողքին, քանզի նրանք են միակ ուժը քաղաքակրթության եւ քաոսի միջեւ»:

Օբամայից այստեղ շատերը սպասում են միասնությանն ուղղված ջանքեր, պատմում է Լիսա Բաթիստան, ով ցուցարարներին թույլ է տվել իր տանը գիշերել.

«Ես հույս ունեմ, որ մենք կարող ենք դրական երկխոսության ուղի գտնել եւ որոշ ձեռքբերումների հասնել՝ աշխատանքից հեռացնելով խնդրահարույց անձանց: Սա է միակ հույսը»:

XS
SM
MD
LG