Մատչելի հղումներ

Աշխարհի բնակչության օրը՝ ամերիկացիների կարծիքը համաշխարհային բնակչության խնդիրների վերաբերյալ


Թեև մարդկությունը զարգացման հսկա ճանապարհ է անցել, այնուամենայնիվ այն դեռևս չի կարողանում լուծել ՝անտնության, արտագաղթի, սովի և մի շարք այլ խնդիրներ: Աշխարհի բնակչության օրը՝ ՄԱԿ-ը փորձում է մարդկության ուշադրությունը սևեռել համաշխարհային բնակչության խնդիրներին:

1989 թվականին ՄԱԿ-ի առաջարկով հուլիսի 11-ը Աշխարհի բնակչության օր հռչակվեց, այս օրվա նպատակը համաշխարհային բնակչության խնդիրների վրա ուշադրություն սևեռելն է: 2016 թվականի մարտի տվյալներով աշխարհում բնակվում է 7 միլիարդ 400 միլիոն մարդ: Ասիան ամենախիտ բնակեցված աշխարհամասն է, այնտեղ է գտնվում մարդկության 60 տոկոսը, դրան հաջորդում են Աֆրիկան և Եվրոպան:

Պարզելու համար, թե ինչքանո՞վ են մարդիկ տեղյակ Աշխարհի բնակչության և դրան նվիրված օրվա մասին, մենք զրուցեցինք որոշ անցորդների հետ: Պարզվեց, որ թեև շատերը պատկերացում էլ չունեին աշխարհի բնակչության թվի մասին, ոմանք՝ ինչպես Պասկալն ու Մաթիլդը բավականին տեղեկացված էին աշխարհում բնակչության ներկայիս խնդիրների մասին:

«Մենք Ֆրանսիայից ենք, այժմ բնակվում ենք Չինաստանում, իսկ ԱՄՆ ենք ժամանել քանիոր Մաթիլդը ցանկանում է այստեղ բուհ հաճախել: Ցավոք աշխարհի բնակչության զգալի մասը ստիպված է բռնել արտագաղթի ճանապարհը՝ լքելով իրենց հայրենիքը՝ պատերազմի, քաղաքական ճնշման, հիվանդությունների կամ այլ պատճառներով: Մենք լքեցինք մեր հայրենիքը լավ աշխատանքի պատճառով, վերցրինք երեխաներին ու գնացինք այնտեղ ուր գործատուն մեզ ուղարկում էր»,- ասում է Պասկալը:

«Իմ մանկությունը անցել է մի երկրից մյուսը տեղափոխվելով, այնպես որ հասկանում եմ փախստականներին որոնք ստիպված են կրկին ու կրկին տուն կառուցել: Սակայն իհարկե պատճառներն ու պայմանները պարզապես անհամեմատելի են»,- ասում է Պասկալի դուստր Մաթիլդը:

«Ես Քրիսթընն եմ, բնակվում եմ Միսուրի նահանգում: Չգիտեի Աշխարհի բնակչության օրվա մասին: Տեղյակ չեմ, թե աշխարհում քանի մարդ է բնակվում, բայց համոզված եմ, որ շատ: Իհարկե տխրեցնող է, որ մարդիկ կան ովքեր տուն չունեն կամ ստիպված են պատերազմական պայմաններում ապրել: Սակայն որպես անհատի, ինձ վրա դա այնքան էլ չի անդրադառնում: Ես ապրում եմ խաղաղ պայմաններում, իհարկե հուսալով, որ մյուսներն էլ նման հնարավորություն կունենան»:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2015 թվականին մարդկության 3 ու կես տոկոսը բնակվել է իրենց ծննդավայրից դուրս: Ներգաղթյալների մեծ մասը լքում են իրենց երկրները՝ ավելի բարենպաստ տնտեսական և հասարակական միջավայր գտնելու միտումով: Ներգաղթը կարևոր ուժ է թե՛ զարգացող և թե՛ զարգացած երկրների համար:

Նյու Մեքսիկոյի բնակիչ Քեյթ Քադելի կարծիքով, Միացյալ Նահանգները պետք է անի առավելագույնս փախստականներին օգնելու համար:

«Իհարկե հիանալի կլիներ, եթե մարդիկ կարողանային իրենց երկրներում բնակվել բարենպաստ պայմաններում: Սակայն ներկայիս իրավիճակում ԱՄՆ-ի պարտքն է մարդկանց օգնել որպեսզի հասնեն այնտեղ ուր ուղևորվում են»:

«Ես Էնդի Գասան եմ, բնակվում եմ Վիրջինիա նահանգում: Ինձ տխրեցնում է այն հանգամանքը, որ մարդիկ ստիպված են լքել իրենց բնակավայրերը, կուզեի որ աշխարհն ավելի լավ տեղ լիներ ապրելու համար: Կարծում եմ Միացյալ Նահանգները անում է առավելագույնը, այս մարդկանց ընդունելու համար: Իհարկե հասկանալի է, որ նրանք պետք է անվտանգության ստուգումների միջով անցնեն, նախքան երկիր մուտք գործելը: Ես դրա վառ օրինակն եմ, ինքս գաղթել եմ Քամերունից, իսկ այժմ՝ ԱՄՆ-ի քաղաքացի եմ»:

ՄԱԿ-ի հաշվարկով աշխարհի բնակչության թիվը կշարունակի աճել՝ 2100 թվականին հասնելով 11 միլիարդ 200 միլիոնի: Սակայն որոշ վերլուծաբանների կարծիքով՝ մշտապես փոփոխվող միջավայրի, համաշխարհային սննդի և էներգիայի պաշարների նվազման հետևանքով աշխարհի բնակչության թվի նման աճը կարող է հարցականի տակ դրվել:

Աշխարհի բնակչության օրը՝ ամերիկացիների կարծիքը համաշխարհային բնակչության խնդիրների վերաբերյալ
please wait

No media source currently available

0:00 0:03:12 0:00

XS
SM
MD
LG