Մատչելի հղումներ

Դոնալ Թրամփը Սադամ Հուսեյնին համարում է ահաբեկչության դեմ հզոր գործիք


Սադամ Հուսեյնը չկա արդեն մոտ մեկ տասնամյակ։ Իրաքի նախկին նախագահը, մարդկության դեմ իրագործված հանցագործությունների համար դատարանի կողմից մեղավոր ճանաչվելուց հետո, 2006 թվականին մահապատժի ենթարկվեց։

Հուսեյնի մահից շուրջ տասը տարի անց ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը գովաբանել է նրան իր ղեկավարության ոճի համար, որից հետո Հուսեյնի թեման դարձել է Twitter-ի ամենաքննարկվող նյութերից մեկը։

"Սադամ Հուսեյնը վատ տղա էր, այնպես չէ՞։ Սակայն գիտե՞ք, թե ինչ էր նա լավ անում։ Նա սպանում էր ահաբեկիչներին և դա անում էր հիանալի կերպով։ Նրանց համար չէին կարդում իրենց իրավունքները, ու այդ մասին չէին զրուցում նրանց հետ։ Նրանք ահաբեկիչներ էին, և նրանց վերջը տալիս էին", ասել է Թրամփը իր աջակիցներին։

Թրամփը նման հայտարարություններով հանդես է եկել վերջին մի քանի տարիների ընթացքում, այդ թվում՝ 2014 թվականին, երբ գրել էր Twitter-ում, որ Իրաքը այժմ ավելի վտանգավոր է, քան երբևէ Հուսեյնի կառավարության օրոք։

"Ես հենց սկզբից ասել եմ, որ պատերազմը սխալ էր։ Բուշը և Օբաման պետք է ներողություն խնդրեն"։

Սակայն 2003 թվականի դեկտեմբերին Թիկրիթ քաղաքի մոտ ամերիկյան ուժերի կողմից Հուսեյնի թաքստոցը հայտնաբերելուց օրեր անց Թրամփը հանդես էր եկել հօգուտ իշխանությունից Իրաքի առաջնորդի հեռացման։

"Մեզնից ոմանք համաձայն էին, մյուսները՝ գուցե ոչ, սակայն մենք այնտեղ էինք, և պարտավոր էինք Սադամ Հուսեյնին տապալել", ասել է Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ "Այդպես էլ վարվեցին, գուցե ոչ սպասվածի չափ արագ, քանի որ որոշ ժամանակ նրան չէին գտնում: Բայց ի վերջո գտան, և դա մեծ իրադարձություն էր այս երկրի համար"։

Իրաքի ներխուժման որոշումը կայացրած ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը ի թիվս այլ հիմնավորումների, վկայակոչել էր Իրաքի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, այդ թվում և իր երկրի տարածքում ցանկացած ահաբեկչական խմբավորման գործունեությունը արգելող բանաձևի պարբերական խախտումները։

2002 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առջև իր ելույթում նա նշել էր, որ "Իրաքը շարունակում է ապաստանել և աջակցել ահաբեկչական կազմակերպություններին, որոնք բռնություններ են կիրառում Իրանի, Իսրայելի և Արևմտյան երկրների դեմ։ 1993 թվականին Իրաքը մահափորձ է կազմակերպել Քուվեյթի էմիրի և Ամերիկայի նախկին նախագահի նկատմամբ"։

Այդ նախկին նախագահը կրտսեր Ջորջ Բուշի հայրն էր, ավագ Ջորջ Բուշը, ում օրոք Միացյալ Նահանգների ուժերը պարտության մատնեցին Իրաքին՝ Հուսեյնի զորքերի կողմից Քուվեյթ ներխուժումից հետո։ Նախագահ Բիլ Քլինթոնի կարգադրությամբ, իր իսկ խոսքերով համոզիչ ապացույցներ ստանալուց հետո, որ մահափորձի պատասխանատուն Իրաքն է, օդային ռմբակոծության ենթարկվեցին Բաղդադում Իրաքի հետախուզության շտաբերը։

Մերձավոր Արևելքի հարցերով Կենտրոնական հետախուզական վարչության նախկին վերլուծաբան Ջուդիթ Յաֆեն 2011 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները ուսումնասիրող ԱՄՆ-ի հանձնաժողովին հայտնել է, որ Իրաքը Հուսեյնի ղեկավարության ներքո "միջազգային ահաբեկչության հիմնական հովանավորն էր"։

"Բաղդադը ակտիվորեն հովանավորել է ահաբեկչական խմբավորումներին՝ տրամադրելով անվտանգ կացարան, ուսուցում, զենք՝ դրա դիմաց պահանջելով, որ խմբավորումները կատարեն Բաղդադի կողմից պատվիրված գործողություններ և իրագործեն Սադամի նպատակները"։

Նա ասել է, որ Սադամից աջակցություն են ստացել ՝՝Աբու Նիդալ՛՛ կազմակերպությունը և Պաղեստինի ազատագրության ճակատը։ Բացի այդ, Հուսեյնը 25,000 դոլար է առաջարկել բոլոր այն պաղեստինցի ընտանիքներին, ովքեր զոհվել են իսրայելցիների վրա հարձակում գործելիս։

Թրամփի մեկնաբանությունը խիստ զարմացրել է ԱՄՆ-ում Իրաքի նախկին դեսպան Լուքմեն Ֆեյլին:

"Որպես դիվանագետ, ես փորձում եմ չխառնվել այս ամենին, սակայն որպես իրաքցի և Սադամի էթնիկ զտումների զոհ, կառաջարկեի փաստերով խոսել", գրել է նա Twitter-ի իր էջում։

Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբից նույնպես հնչել են քննադատություններ։

"Դաժան բռնապետերի հասցեին Դոնալդ Թրամփի գովասանքի խոսքերը, կարծես, սահման չեն ճանաչում", ասել է քաղաքականության հարցերով Քլինթոնի խորհրդական Ջեյք Սալիվենը։ Նրա խոսքերով՝ նման հայտարարությունները ցույց են տալիս, թե որքան վտանգավոր նա կլիներ որպես գլխավոր հրամանատար և թե որքան նա արժանի չէ իր հավակնած պաշտոնին։

Թրամփին, կարծես, չեն անհանգստացնում քննադատությունները։ Ողջ քարոզարշավի ընթացքում նա իրեն ներկայացրել է, որպես թեկնածու, ով լավագույնս կարող է արձագանքել Իրաքում ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման սպառնալիքին։

XS
SM
MD
LG