Մատչելի հղումներ

՝՝Դաեշ՛՛-ը փորձում է մնալ որպես աշխարհում ահաբեկչական ամենամեծ խմբավորում


՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորումը՝ ՝՝Դաեշ՛՛-ը, կարծես, կյանքի է կոչում աշխարհի առաջատար ահաբեկչական կազմակերպություն մնալու իր հանգամանալի մշակված ծրագրերը։

Վերջերս իրականացված բոլոր հարձակումներից հետո խմբավորման անունը հայտնվում էր գլխագրերում, անկախ նրանից, դրանք կազմակերպված էին խմբավորման կողմից, ոգեշնչված էին դրա գործունեությամբ, թե՝ նույնիսկ թյուրիմացաբար էին վերագրվել խմբավորմանը։ Հետախուզական մարմինները մտավախություն ունեն, որ իսլամիստները կարող են այդ խորհրդանշական հաղթանակները օգտագործել ի շահ իրենց՝ ամրապնդելով հզոր և անհաղթահարելի շարժման համբավը։

Ըստ ԱՄՆ-ի հակաահաբեկչական ծառայությունների անանուն աղբյուրի՝ "վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած և ավելի քան 200 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումների շարքը սոսկալի հիշեցում է այն մասին, որ ՝՝Դաեշ՛՛-ի նման խմբավորումները պահպանում են բռնարարքներ կազմակերպելու, դրանց աջակցելու և ոգեշնչելու նկրտումները և ունակությունը"։

Նույն աղբյուրը զգուշացնում է, որ Ստամբուլում, Դաքայում, Բաղդադում և Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած հարձակումների մասին "հստակ հաշվետվությունների" կազմման համար ժամանակ կպահանջվի, սակայն այժմ էլ ակնհայտ է, որ ամբողջ աշխարհի կառավարությունները "զգալի դժվարությունների են բախվելու ինքնասպանության պատրաստ, վճռականորեն տրամադրված խմբերի հարձակումները կանխելու գործում"։

ԱՄՆ-ի իշխանությունները նաև ընդգծում են, որ չնայած Իրաքում և Սիրիայում տարածքների սրընթաց կորստին, կասկածից գրեթե դուրս է, որ ՝՝Դաեշ՛՛-ը պահպանում է այսպես կոչված "հեշտ թիրախների" հարվածներ հասցնելու կարողությունը։

"Ցավոք, զարմանալի չէ, որ ՝՝Դաեշ՛՛-ն ընդունակ է նման հարձակումների", երեքշաբթի օրը հայտարարել է Պենտագոնի խոսնակ Փիթըր Քուքը՝ պատասխանելով Բաղդադում կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների մասին հարցերին։ Հիշեցնենք, որ այդ պայթյուններին զոհ էր գնացել առնվազն 175, վիրավորվել՝ ավելի քան 200-մարդ։

Անցյալ ամիս Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Բրենանը Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամներին զգուշացրել էր, որ ԱՄՆ-ի ջանքերը "չեն թուլացրել խմբավորման ահաբեկչական ներուժը և միջազգային ներկայությունը", և, ամենայն հավանականությամբ, խմբավորումը կակտիվացնի իր ահաբեկչական քարոզչությունը ողջ աշխարհում։

Թերևս Ռամադանի ավարտին իրականացված հարձակումների և պայթյունների վերջին ալիքը մտավախությունների տեղիք է տալիս հետախուզական համայնքին, որ իսլամիստները շարունակում են կատարելագործել իրենց մահաբեր ունակությունները անգամ ինքնահռչակ խալիֆայության վրա կախված փլուզման վտանգի պարագայում։

"Այս ամենը վկայում է կազմակերպված և ռազմավարորեն մշակված քարոզչության մասին, որը համակարգվում է ՝՝Դաեշ՛՛-ի կողմից՝ թույլ տալով տեղացի բնակիչներին իրենց հայեցողությամբ իրագործել այդ հարձակումները", նշել է հետախուզական և հակաահաբեկչական մարմինների նախկին աշխատակից Մալքոլմ Նանսը։

Նրա կարծիքով՝ իսլամիստ առաջնորդները կշարունակեն համախոհներ փնտրել և ոգեշնչել նրանց նոր հարձակումների, լինի Սաուդյան Արաբիայում, Բանգլադեշում, թե Մալայզիայում՝ առերևույթ ցույց տալու, որ խմբավորումը շարունակում է թափ հավաքել, նույնիսկ այն դեպքում, երբ իրականում նրանց դուրս են մղում կարևոր նշանակություն ունեցող տարածքներից։

"Նրանք հրաշալի կերպով հասկանում են, թե ահաբեկչական հարձակումները որ վայրերում առավելագույն ազդեցություն կունենան", ասել է Նանսը։ "Նրանց համար շատ կարևոր է չթուլացնել ճնշումը, որպեսզի մարդիկ համոզված լինեն, որ ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորումը անսասան կազմակերպություն է"։

XS
SM
MD
LG