2017 թվականին Միացյալ Նահանգների արտաքին օգնության ծրագրերը կենտրոնանալու են ժողովրդավարության զարգացման, անվտանգության պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի վրա: Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի պետական եւ արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավար կոնգրեսական Քայ Գրենգերը.
«2017-ի արտաքին հատկացումների օրենքի նախագիծն ուղղված է Միացյալ Նահանգների անվտանգության առաջնահերթությունների ապահովմանը. արտերկրում ամերիկյան դեսպանատների անվտանգության բարելավմանն ու մեր դաշնակիցների եւ գործընկերների անվտանգության պահպանմանը»:
Կոնգրեսականի խոսքով, բարելավելով համաշխարհային անվտանգության համակարգը, ԱՄՆ-ը փորձելու է առաջին հերթին պայքարել «Դաեշ»-ի եւ այլ ահաբեկիչների դեմ: Նախատեսվում է նաեւ ժողովրդավարեցման ծրագրերի խրախուսում:
«Աննախադեպ քաղաքական փոփոխությունների պայմաններում օրենքի նախագիծը նախատեսում է նաեւ ժողովրդավարության զարգացման եւ միջազգային հեռարձակման աջակցության ծրագրեր», - ավելացրել է Գրենգերը:
Հատկանշական է, որ միեւնույն ժամանակ կոնգրեսականները ցանկանում են կրճատել Միացյալ Նահանգների հատկացումները ՄԱԿ-ին եւ միջազգային այլ կազմակերպությունների՝ նշելով դրանց աննպատակահարմարությունը: Կոնգրեսական Հալ Ռոջերզի խոսքով՝ փոփոխվող աշխարհում առաջնահերթությունները նույնպես փոխվում են:
«Հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում ներկայիս անկայունությունը, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից ագրեսիվ գործողությունները՝ անհրաժեշտ է, որ մեր գործընկերներն իմանան, որ կարող են վստահել մեզ», - նշել է Ռոջերզը:
Օգնության ծավալների կրճատումները հավանաբար չեն անդրադառնա Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է կոնգրեսական Ջերի Քոննոլին:
«Արտերկրյա հատկացումներն արտաքին քաղաքականության կարեւորագույն գործիք են եւ չի կարելի կրճատել դրանց ծավալը, քանի որ դա մեզ կզրկի մեզ համար իսկ կարեւոր իրադարձություններին մասնակցելու հրանավորությունից», - նշել է կոնգրեսական Քոննոլին:
Հիշեցնենք, որ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի հատկացումների հանձնաժողովն օրինագծի իր տարբերակն է առաջարկել, որը նախատեսում է Հայաստանին ԱՄՆ-ի օգնության ծավալների աճ: Սենատը եւ Ներկայացուցիչների պալատը շտկելու են երկու նախագծերի միջեւ եղած հակասությունները՝ վերջնական օրենքն ընդունելուց առաջ: