Մատչելի հղումներ

Օբաման ու Քլինթոնը Հյուսիսային Քարոլինա մեկնեցին նախագահական օդանավով


ԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարում չորեքշաբթի օրն իրականացվեց ամենակարեւոր քայլերից մեկը հօգուտ Հիլարի Քլինթընի։ Հյուսիսային Քարոլինա նահանգում Քլինթընի հանրահավաքին իր մասնակցությունը բերեց նախագահ Բարաք Օբաման։

Բարաք Օբաման իր պաշտոնավարման վերջին ամիսներին, անցած հիսուն տարիների նախկին նախագահներից շատերի համեմատ, ունի ամենաբարձր ցուցանիշը՝ 53 տոկոս։ Այդ առումով Հյուսիսային Քարոլինայում Հիլարի Քլինթոնի նախընտրական հավաքին նրա մասնակցությունը համարվում է աջակցության մի կարեւոր զարկ Քլինթընի ընտրարշավին, երբ երկուսի գլխավերեւում էր ՝՝Ավելի ուժեղ ենք մեր միասնությամբ՛՛ պաստառը, երբ բեմահարթակի վրա իրար էին միանում երկուսի ձեռքերը։

Ներկա նախագահն ու նախկին պետքարտուղարը գովեստի խոսքեր ասացին միմյանց վերաբերյալ։ ՝՝Նրա նկատմամբ իմ վստահությունը միշտ էլ արդարացրել է իրեն՛՛, հայտարարում էր Օբաման բազմահազար ներկաների առջեւ։

Ի դեպ, Հյուսիսային Քարոլինայի այս հավաքն անցավ նույն այն օրը, երբ երկրի Հետաքննությունների դաշնային բյուրոն, Քլինթընի անձնական էլեկտրոնային նամակների շուրջ հետաքննություն անցկացնելուց հետո, հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ չնայած անձնական էլեկտրոնային փոստով պաշտոնական հաղորդակցությունը ծայրահեղ անփութություն է եղել, Քլինթընի նկատմամբ մեղադրանք չի ներկայացվելու։

Քլինթոնն ու Օբաման այդ օրը որեւէ կերպ չանդրադարձան ո՛չ էլեկտրոնային նամակներին, ո՛չ էլ Բյուրոյի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ երբ Քլինթոնը հրաժեշտ էր տալիս պետքարտուղարի պաշտոնին, Օբաման հայտարարել էր, թե Քլինթընը եղել է ԱՄՆ-ի ամենալավ պետքարտուղարներից մեկը։

Ճիշտ է, Օբաման ու Քլինթընը ժամանակին եղել են մրցակիցներ, սակայն երկուսն էլ ունեցել են միմյանց միջեւ խաղաղություն հաստատելու պատճառներ։ Օբամային ձեռնտու էր իր թիմում ունենալ իր նախկին մրցակցին, վերջինիս համար էլ շահավետ էր Օբամային կրած պարտությունից հետո քաղաքական կենսագրությունը շարունակելու համար դառնալ նրա հավատարիմ զինվորը։

Ինչ վերաբերում է նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին, նա շարունակում է դատապարտել Քլինթընի, իր խոսքերով ասած ՝՝անպետքությունը՛՛ եւ էլեկտրոնային նամակների հետ կապված ՝՝անփութությունը՛՛ ու հայտարարում, որ նախագահի պաշտոնում էլ նա կլինի այնքան անփույթ, որքան պետքարտուղարի պաշտոնում էր։ Թրամփը նույնիսկ հայտարարել է, թե Քլինթընը ինչ որ կերպ կաշառել է երկրի գլխավոր դատախազ Լորեթա Լինչին։ Ի՞նչ եք կարծում, ասել է նա, արդյոք Քլինթոնի այն խոսքերը, թե գլխավոր դատախազը կարող է առաջ ընթանալ, մատուցված կաշառք չէր։

Վերադառնալով Օբամային՝ ասենք, որ Քլինթընի հաղթանակն ընտրություններում չափազանց կարեւոր է իր ծրագրերի շարունակության համար։ Եթե Քլինթընը չընտրվի, Օբամայի սկսած մի շարք ծրագրեր հանրապետականների ներքո կհայտնվեն վտանգի տակ։ Այդ պատճառով է Օբաման կարեւորում Քլինթընի հաղթանակը ու նրան Հյուսիսային Քարոլինա տանում նախագահական օդանավով, հաստատելով, որ իր ժառանգությունն ու նրա քաղաքական ապագան այսօր կապակցված են այնպես ամուր, ինչն անհնար էր պատկերացնել 2ՕՕ8 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին։

XS
SM
MD
LG