Մատչելի հղումներ

Քլինթոնի դեմ մեղադրանք չեն ներկայացնելու


Միացյալ Նահանգների Հետաքննությունների Դաշնային Բյուրոն քրեական մեղադրանք չի ներկայացնելու նախագահի դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ: Այս մասին է հայտարարել գործակալության ղեկավար Ջեյմս Քոմին: Քլինթոնին քննադատում էին պետքարտուղարի պաշտոնում աշխատանքային նամակագրությունը անձնական սերվերից բացելու մեջ:

«Թեեւ առկա են գաղտնի տեղեկատվության հետ աշխատանքի կանոնադրությունների որոշ խախտումներ, մեր կարծիքով ոչ մի մեղադրող քրեական գործ չի հարուցի», - ասել է Քոմին:

Նրա խոսքով, աշխատանքային եւ անձնական նամակագրության համար Հիլարի Քլինթոնն օգտվել է մի քանի հեռախոսներից եւ թաբլեթներից: Գործակալության մասնագետները ոչ միայն հետաքննել են գործը՝ այլեւ ուշադրությամբ ընթերցել Քլինթոնի ամբողջ նամակագրությունը, որն իր մեջ ներառում էր 30,000 նամակ: Ջեյմս Քոմիի խոսքով, դրանցից 110-ում պարունակվում էին խիստ գաղտնի տեղեկություններ:

«Պատասխանատու որոշում կայացնելիս հաշվի են առնվում նաեւ անձի գործողությունների համատեքստը եւ նման իրավիճակների կարգավորման նախկին փորձը: Հայացք գցելով գաղտնի տեղեկատվության հետ կապված մեր նախկին հետաքննություններին՝ մենք չգտանք որեւէ դեպք, երբ այդ փաստերով քրեական մեղադրանք ներկայացվեր», - ավելացրել է Քոմին:

Քլինթոնի մրցակից հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն անմիջապես արձագանքել է, գրելով Թվիթերում, որ իրավապահները Քլինթոնին մեղադրել են երկրի ազգային անվտանգությունը վտանգելու մեջ, սակայն մեղադրանք չեն ներկայացրել, ավելացնելով՝ կեղծ համակարգ:

Թրամփին զայրացրել էր մեկ այլ հանգամանք եւս: Հիլարի Քլինթոնի նախընտրական հանդիպումներին էր միացել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, ով նույնպես Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ է: Քլինթոնն ու Օբաման միասին մեկնել են Հյուսիսային Կարոլինա՝ տատանվող նահանգ, որը կարող է մեծապես ազդել նախագահական ընտրությունների արդյունքների վրա:

Ի պատասխան Թրամփը մեղադրել է Օբամային Քլինթոնի նախընտրական պայքարին աջակցելու համար նախագահական ինքնաթիռն օգտագործելու մեջ: Վերլուծաբանների կարծիքով, Քլինթոնի նախկին մրցակից՝ Օբամայի աջակցությունը կարող է մեծապես օգնել Թրամփի դեմ Քլինթոնի պայքարում:

XS
SM
MD
LG