Մատչելի հղումներ

Ահաբեկչական երեք պայթյուն Սաուդյան Արաբիայում


Սաուդյան Արաբիայի մի քանի քաղաքներում մահապարտ ահաբեկիչների կողմից երկուշաբթի օրն իրականացված պայթյունների արդյունքում 4 մարդ է զոհվել, վիրավորվել՝ հինգ այլոք։ Հարձակումներից մեկն իրականացվել է մահմեդական կրոնի ամենասուրբ վայրերից մեկը համարվող Մեդինա քաղաքում։ Այս քաղաքում է գտնվում Մուհամեդ մարգարեի գերեզմանը, ուր ամեն տարի միլիոնավոր մահմեդականներ են գալիս այցի՝ Մեքքա կատարվող ուխտագնացության ընթացքում։

Երկրի ներքին գործերի նախարարարության հրապարակած հայտարարության համաձայն, ահաբեկիչն իրեն պայթեցրել է անվտանգության ծառայության աշխատակիցների հետ սկսված վիճաբանության ընթացքում։

Պայթյունի ժամանակ մզկիթում մեծաթիվ մարդիկ են եղել, քանի որ մահմեդականներն այս օրերին նախապատրաստվում են իրենց սուրբ Ռամադանին։ Դեռեւս որեւէ խմբավորում իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը։

Սաուդյան Արաբիայի հետաքննիչներն ուսումնասիրում են նաեւ արեւելյան Քաթիֆ քաղաքի շիա մահմեդական մզկիթի դեմ իրականացված հարձական հանգամանքները։ Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ պայթյունի հատվածում հայտնաբերվել են երեք անձանց մարմնի մասեր, սակայն մինչ այժմ հայտնի չէ նրանց ինքնությունը։

Իսկ պայթյուններից առաջինը տեղի է ունեցել Ջեդդահ քաղաքում, ԱՄՆ-ի հյուպատոսության մոտակայքում։ Պայթյունն այստեղ իրականացվել է Մեդինայի հարձակման օրինակով, երբ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է անվտանգության աշխատակիցների հետ վիճելու ընթացքում։ Անվտանգության աշխատակիցները ստացել եմ մարմնական թեթեւ վնասվածքներ։ ԱՄՆ-ի հյուպատոսության շենքը վնասներ չի կրել։

XS
SM
MD
LG