Մատչելի հղումներ

Հունգարիան փորձում է գնալ Մեծ Բրիտանիայի օրինակով


Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտից 4Օ կմ հեռավորության վրա փախստականների ճամբարում մարդիկ բողոքում են, որ այստեղ չեն ընդունում, որ իրենք նույնպես մարդ արարածներ են։ Չէ որ, ասում են նրանք, մենք էլ ունենք ցանկություններ, երեխաներ, իրավունքներ։
Սակայն փախստականների ճամբարից դուրս այս հարցին շատերն այլ կերպ են նայում, ում համար փախստականների նոր հոսքը սպառնալիք է։ Այդ պատճառով է այս երկրում աստիճանաբար մեծանում Եվրոպական Միությունից դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնելու կողմնակիցների թիվը։

Ավելի ազգայնական տրամադրություններով լցված քաղաքացիները նեղսրտում են, որ եկվորները չեն էլ ուզում հաշտվել իրենց պայմաններին։

՝՝Նրանք չեն ուզում ասիմիլացվել ու ընդունել մեր կենցաղը։ Անտեսում են մեր մշակույթը, ու այդ պատճառով էլ այսօր լավ ենք հասկանում բրիտանացիներին՛՛, ասում են նրանք։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում գովազդների համար՝ պատրաստվելով հանրաքվեի, որի ընթացքում մարդիկ պիտի պատասխանեն հարցին, թե կողմ են արդյոք Եվրոպական Միության այն որոշմանը, ըստ որի պարտադիր կերպով պիտի ընդունեն փախստականներին՝ առանց Հունգարիայի խորհրդարանի համաձայնության։

Վերլուծաբաններից շատերն են կարծում, որ փախստականության դեմ շարժման կողմնակիցները հեշտ հաղթանակ են տանելու։ Նրանցից Նիկ Սիտերի խոսքերով, վարչապետը Բրյուսելը ներկայացնում է որպես հունգարացիների թշնամի։

Նա նշում է վարչապետի այն խոսքերը, որ 1848-49 թվականներին հունգարացիները կանգնել են ընդդեմ Վիեննայի, 1956-ին՝ ընդդեմ Մոսկվայի ու հիմա էլ՝ ընդդեմ Բրյուսելի։

Կոմունիզմի փլուզումից ավելի քան երկու տասնամյակ անց Հունգարիայում այսօր շատերի շուրջ է պտտվում օտար տիրապետության ուրվականը։ Եվ այսօր այդ ուրվականից սարսափողները Բրյուսելի մեջ տեսնում են մի նոր Մոսկվա ու փորձում ամեն կերպ հեռու պահել իրենց երկիրը որեւէ միությունից։

Այստեղ շուտով կանցկացվի հանրաքվե, որը կվերաբերի միայն փախստականության հարցին։ Սակայն դրան կարող է հաջորդել Եվրոպական Միությունից Հունգարիան դուրս բերելու հանրաքվեն, որը հավանաբար ստանա Հանգէքզիթ անվանումը։

XS
SM
MD
LG